Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն այս պահին Սարդարապատի հուշահամալիրում են: Նրանք Սարդարապատ են գնացել երեկ և գիշերել են այնտեղ: Ակցիայի մասնակիցները մտադիր են այստեղ տոնել Առաջին Հանրապետության հռչակման օրը:
Բագրատ սրբազանը երեկ հայտարարում էր, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն գա Սարդարապատի հուշահամալիր, ապա դա կլինի նրա վերջին այցն այստեղ՝ որպես վարչապետ: Մինչ այս պահը Փաշինյանի այցի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
Բագրատ արքեպիսկոպոսի կարծիքով՝ երկու պատճառ կա վարչապետի՝ Սարդարապատ չայցելելու համար. մեկը, որ նա սա արդեն համարում է պատմական հայրենիք, մյուսը, որ հրահանգ է ստացել արտաքին ուժերից:
«Այդ մարդն այլևս կապ չունի մեր խորհրդանիշների հետ», - մեկնաբանելով վարչապետի հուշահամալիր չայցելելու փաստը՝ պնդեց Բագրատ արքեպիսկոպոսը:
Կիրակի օրը հանրահավաքին հայտարարվեց, որ Բագրատ Գլաստանյանն է շարժման վարչապետի թեկնածուն և դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից նախօրեին հայտնեցին, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։