Այլևս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը՝ ի պատասխան հարցին, թե ուժի մեջ է՞ մնում իշխանությունների հետ հանդիպելու առաջարկը։
«Իրենց գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները։ Կհեռանա, խելոք է», - ասաց սրբազանը։
Կիրակի շարժվելով կառավարական առանձնատների մոտ՝ նա հայտարարել էր, որ գնում է հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա, իր բնորոշմամբ, վերջին հնարավորություն էր տվել խաղաղ հեռացման։
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցածին, երբ իրավապահները փորձել էին արգելել Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, արքեպիսկոպոս Գալստանյանը, ում հոգևոր ծառայությունը սառեցվել է, ասաց. - «Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք։ <>
Սարդարապատ այցելելը ոստիկանների փակելու քաղաքական հետևանքը որ՞ն է, դա ի՞նչ քաղաքական հետևանք է»։
- Վարչապետը երեկ Սարդարապատի հուշահամալիր այցելեց միայն օրվա երկրորդ կեսին, երբ իր հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսն իր աջակիցների հետ հեռացել էր այնտեղից:
- Մինչ Փաշինյանը կժամաներ հուշահամալիր, տեղում իրավապահները փորձեցին խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները պատ կազմել, որպեսզի թույլ չտան Վեհափառին առաջանալ:
- Մայր Աթոռն ավելի ուշ սա դատապարտելի պահվածք որակեց՝ հայտարարելով, որ «հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության»։
- Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երկուշաբթի ողջ օրը անհնազանդության ակցիաներ էր իրականացնում։ Այսօր առավոտյան կրկին հավաքվել են։ Հայտնի չէ, թե ինչ գործողություններ են ծրագրում։