Մատչելիության հղումներ

Ո՞վ ո՞ւմ է գաղտնալսել կամ «հոգեկան տառապանք պատճառել» 


Բագրատ սրբազանը «Անի Գրանդ Հոթել»-ի այդ սենյակի դիմաց զրուցում է լրագրողների հետ, Երևան, 25-ը մայիսի, 2024թ.
Բագրատ սրբազանը «Անի Գրանդ Հոթել»-ի այդ սենյակի դիմաց զրուցում է լրագրողների հետ, Երևան, 25-ը մայիսի, 2024թ.

Գաղտնալսո՞ւմ, թե՞ հոգեկան տառապանքի պատճառում։ Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը պնդում է՝ իրեն գաղտնալսել են։ Իրավապահները, սակայն, այս դեպքի շրջանակներում միայն մի կնոջ ահազանգով «հոգեկան տառապանք պատճառելու» հոդվածով քրեական վարույթ են հարուցել։

Բագրատ Գալստանյանը դեռ շաբաթ օրն էր պնդել՝ «Անի Գրանդ Հոթել»-ի իր համարում իրեն գաղտնալսել են լսող սարք տեղադրելու միջոցով. - «Գաղտնալսում եղել է։ Տեղադրել են սարքը օրեր առաջ, մենք էլ իմացել ենք», - ասել էր սրբազանը։

Սրբազանը պատմել էր, թե լսվող աղմուկից հետո իր կողմնակիցները ներքևի հարկ են իջել և ենթադրյալ լսող սարքը տեղադրող անձի դուռը թակել։ Կինը, սակայն, դուռը չէր բացել։

«Իջանք շատ քաղաքավարի, դրա տեսանյութն էլ կա, որ ոչ ոք չգանգատվի, որ սպառնալիքներ են եղել, դուռը թակվել է, ներկայացել է պատգամավորը՝ ասելով, որ այսինչ մարդն եմ, ներսից աղջկա ձայն է եկել, որ ովքե՞ր եք, ներկայացել են նորմալ։ Ասել է՝ բաղնիքում եմ և այլն։ Բայց, բաղնիքում եղած միևնույն ժամանակ հեռաձայնով խոսում է՝ ասելով, որ շտապ եկեք, շտապ եկեք», - ասել էր սրբազանը։

Քաղաքացու ահազանգով ժամանել է անձամբ կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարը և կնոջը հյուրանոցից դուրս ուղեկցել։

Այս միջադեպից հետո կինն, ում անունը ոստիկանությունը չի հրապարակում, հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ՝ «հոգեկան տառապանք պատճառելու հատկանիշներով»։

Թեև իրավապահները կնոջ անունը չեն հրապարակում, սակայն մամուլում տարածվել են թե նրա լուսանկարները և թե անուն-ազգանունը։

Այսօր արձագանքելով հարուցված վարույթին՝ Բագրատ սրբազանը պնդեց՝ այս կերպ փորձում են իրենց վախեցնել և աչք են փակում իրեն ապօրինի գաղտնալսելու հանգամանքի վրա. - «Ուզում են իբր թե իրենց կարճ խելքով վախեցնեն հա՞։

Իսկ մեր հոգեկան տառապանքին ո՞վ պետք է տեր կանգնի, իսկ մեզ անօրեն կերպով գաղտնալսելու մասին ո՞վ պիտի տեր կանգնի։ Ինչո՞ւ պիտի հաղորդում ներկայացնենք, իրենք անում են, իրենց էլ հաղորդո՞ւմ ներկայացնենք, գողին ասե՞նք՝ գնա, գող բռնի՞»։

Արքեպիսկոպոսը հարցնում է՝ եթե գաղտնալսում չի եղել, ինչո՞ւ էին կնոջ ահազանգով բարձրաստիճան ոստիկանները ժամանել հյուրանոց. - «Գրեթե երկու ժամ թույլ չտալով ոչ մեկին այնտեղ լինել, հեռաձայնում ԱԱԾ կենտրոնի պատասխանատուին։ Եթե չկար ոչ մի բան, սովորական թաղային գործ էր, կարող էր թաղային մեկը գար, հանգիստ հասկանար՝ իրավիճակն ինչ է»։

Որևէ արտառոց բան չկա. ՆԳՆ արձագանքը

Ներին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն, այսօր արձագանքելով արքեպիսկոպոսի հարցադրմանը, պարզաբանեց՝ որևէ արտառոց բան չկա. - «Քանի որ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարությունն իրավունք ունի, որոշ դեպքերում նաև պարտավոր է մեկնել ահազանգով նշված հասցե, նշված դեպքի վայր։ Դրանք հիմնականում վերաբերում են հասարակական հնչեղություն ստացած դեպքերին կամ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններին»։

Քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ հարուցված չէ. ՔԿ

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հոգեկան տառապանք պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ։ Գաղտնալսման պնդումների առնչությամբ քրեական վարույթ չկա, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը իրավապահներին հաղորդում չի ներկայացրել՝ պնդելով, թե ամեն ինչ հրապարակային է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG