Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերության և Հարավային Կովկասի համար շատ դժվար ժամանակներ են. Վասիլիս Մարագոս


Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոս, արխիվ
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոս, արխիվ

Արևելյան գործընկերության և Հարավային Կովկասի համար շատ դժվար ժամանակներ են, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այսօր «Ապրի» ֆորումի շրջանակներում, խոսելով Հայաստանի և տարածաշրջանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին, իր ելույթում ընդգծեց՝ Եվրամիությունը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

«Մենք բոլորս տեսել ենք, թե Հայաստանը որքան շահագրգռված է ապաշրջափակել իր սահմանները։ Այժմ խաղաղության օրակարգի ձգտման մի մասը կապված է հենց դրա հետ։ Մեզ անհրաժեշտ է այլ գործընկերների մասնակցությունը։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ Եվրամիությունը բազմիցս ողջունել է «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությունը։ ԵՄ պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ, բայց այն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է այլ մասնակիցների ներգրավվածությունը ևս։ Ի թիվս այլ բաների սա անհրաժեշտ է Հայաստանի դիմացկունությունը և ինքնիշխանությունը ամրապնդելու համար», - նշել է Մարագոսը։

Չնայած հայկական կողմը պարբերաբար հայտարարում է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը, այդուհանդերձ Բաքվից այս ընթացքում միայն նոր պահանջներ են դնում խաղաղության օրակարգի սեղանին։

«Ազատության» հետ զրույցում դեսպան Մարագոսը կրկնեց միայն, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ջանքերին։

«Մենք աջակցում ենք Հայաստանի ջանքերին, որպեսզի նաև հնարավոր լինի մեծացնել փոխադարձ կապերը, ընդլայնել էներգետիկ համագործակցությունը։ Եվ մենք հավատում ենք, որ սա դրական գործընթաց է։ ԵՄ անդամների շրջանում կոնսենսուս կա այս հարցում», - ընդգծեց Եվրամիության դեսպանը:

«Հայաստանի հետ մեր համագործակցության հիմնական նպատակը՝ ուժեղացնել Հայաստանի ինքնիշխանությունը»

Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր նույն ֆորումի ժամանակ ասել էր, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, այդ թվում՝ տարածաշրջանային երկրները, միջազգային գործընկերները։ Արմեն Գրիգորյանը պատասխանելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հարցին՝ շեշտել էր, որ Երևանը փորձում է նաև այսպիսի փոփոխություններով կայունություն բերել տարածաշրջանում։

ԵՄ դեսպանից հետաքրքրվեցինք՝ անվտանգային ի՞նչ երաշխիքներ կարող է ստանալ Հայաստանն Արևմուտքից՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին։

«Ակնհայտ է, որ շատ փխրուն իրավիճակում ենք։ Հայաստանի հետ համագործակցության հիմնական նպատակը՝ ուժեղացնել Հայաստանի ինքնիշխանությունը, աջակցել այս տարածաշրջանի բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, բայց հատկապես Հայաստանի հնարավորություն տալ որոշելու՝ ինչ է ինքը ուզում, և այդ որոշումը կայացնի շատ հստակ ժողովրդավարական պայմաններում։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու ենք մենք աջակցում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին», - արձագանքեց Մարագոսը։

Բավարարու՞մ է Եվրամիությանը բարեփոխումների այն ընթացքը, որով անցնում է Հայաստանը

Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ընդլայնման մասին քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են, արտախորհրդարանական քաղաքական շրջանակներից անգամ ուղիղ հայտարարություններ են հնչում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ։

Բավարարում է արդյոք Եվրամիությանը բարեփոխումների այն ընթացքը, որով անցնում է Հայաստանը, ու որը պարտադիր պայման է անդամակցությանը հավակնելու համար։ ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց՝ մեծ հաշվով շատ ոլորտներում մեծ առաջընթաց կա, խնդիրների ուղղությամբ աշխատանք իրականացվում է։ Իսկ ի՞նչ գնահատական ունեն՝ արդյոք արևմտյան միջոցներով բարեփոխված ոստիկանությունը իրապես բարեփոխվել է։

«Տեսեք, շատ երկրներում այդ խնդիրը կա։ Մենք պատրաստ ենք էլի դասընթացներ ապահովել, սա շատ կարևոր է։ Սակայն եթե կան մտահոգություններ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երկրում այդ հարցը դատական համակարգով նաև հանգուցալուծվի», - նշեց Մարագոսը:

Այդ խնդիրներով հանդերձ մո՞տ է արդյոք Հայաստանը եվրոպական ընտանիքի միանալու ճանապարհին. - «Ակտիվացման փուլում ենք, համագործակցության նոր օրակարգի շուրջ ենք աշխատում, որը կարևոր ֆինանսական աղբյուրներ կբերի՝ ներդրումներ, տնտեսական դիֆերսիֆիկացիա... այնպես որ լավ տեղում են, հույս ունենք, հավատում ենք, որ այս գործընթացը շատ շահեկան կլինի Հայաստանի քաղաքացիների համար, նպաստավոր՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը ամրապնդելու, բարեփոխումներ իրականացնելու համար։ Այնպես որ սա երկկողմանի օգուտ է»:

Դեսպանին հիշեցրեցինք, որ ԵՄ-ի հետ սերտեցման ճանապարհին Հայաստանի քաղաքացիների համար վերջին ամիսներին ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է: Նա խնդրին ծանոթ էր, բայց ասելու շատ բան չուներ՝ խնդիրների վրա աշխատում են։ Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա դիվանագետի խոսքով՝ մի օր գուցե ԵՄ անդամները այդ հարցի շուրջ էլ համաձայնության կհասնեն։ Ժամկետներ, սակայն, չնշեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG