Եվրամիութանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ մոտ 6 ժամ տևած խորհրդարանական լսումների ավարտին Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց՝ մինչև հանրաքվեն բազմաթիվ իրավական գործընթացներ պետք է անցնել։
«Հայաստանի իշխող մեծամասնությունը, այո, լրջորեն քննարկում է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացել-չներկայացնելու հարցը, և կառավարությունը պատեհ պահին այդ մասին եզրահանգման գալուց հետո կհայտարարի, - նշեց Եղոյանը՝ հավելելով, - թեկնածուի կարգավիճակի համար պիտի՞ Հայաստանի Հանրապետությունը դիմի, թե՝ չէ, եթե պիտի դիմի, ապա պիտի դիմի մինչև հանրաքվեն, ոչ թե հանրաքվեից հետո»:
Արման Եղոյանը հանրաքվեի ջատագովներին նաև փորձեց բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ՝ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, բիզնեսի հետ կապված, մարդկանց պետք է տեղեկացնել, թե ԵՄ անդամակցությունը ինչպես նրանց վրա կազդի։
Արտախորհրդարանական մի շարք ուժերի, տարբեր կազմակերպությունների մի քանի տասնյակ անդամներ այսօր շուրջ վեց ժամ խորհրդարանում պնդում էին, որ Եվրամիության հանրաքվեի անցկացումը շատ կարևոր է հատկապես Հայաստանի անվտանգությունը մեծացնելու տեսանկյունից։
Լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և նրանց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին եռամսյա ժամկետում հանրաքվե կազմակերպել։ Սարգսյանը, որ արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդեց՝ պահը հենց հիմա է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
«Սկսելու են ագրեսիվ կոչեր, Ադրբեջանին արտաքին թշնամի է պետք քվե հավաքելու համար, ո՞վ է այդ արտաքին թշնամին՝ մենք, Ալիևը էդ հռետորաբանությունն օգտագործելու է ինչքան քեֆը տա, իսկ Ռուսաստանի կողմից դա խրախուսվելու է», - նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն էլ չի բացառում, որ Ադրբեջանը COP 29-ից հետո կդիմի ռազմական ագրեսիայի, Արամ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ է արվում դա թույլ չտալու համար։ Ապա որպես լուծում առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն։ Ըստ Սարգսյանի՝ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի անվտանգ ու ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, քան այսօր է։
«Կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն կփոխհատուցվի մեզ՝ ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացման և ներդրումների առումով։ Իշխանությունը մի քիչ ինձ հարգի ու ականջալուր լինի, մի քիչ էլ գնահատի իմ փորձը, այդ ընտրությունները կանի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 -ի սեպտեմբերի 21 -ին արեցինք անկախության հանրաքվե», - հայտարարեց նա։
Հանրաքվեի գաղափարն առաջ տանող ուժերից «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ շեշտելով, թե Հայաստանը կյանքի ու մահվան հատման կետում է և իրենք ընտրում են կյանքի ճանապարհը, վարչապետ Փաշինյանին հորդորեց հնարավոր հանրաքվեի արդյունքն ընդգրկել նախատեսվող նոր Սահմանադրության մեջ։
«2026 թվականին, ըստ ամենայնի, մենք ունենալու ենք նաև սահմանադրական հանրաքվե, և շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի արդյունքով այդ կետը կարողանանք այնտեղ ներառել», - ասաց Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանը ելույթի ավարտին նախ ցուցադրեց ռետինե մի կրկնակոշիկ՝ կալոշ, ապա գրպանից հանեց ԵՄ դրոշն ու կախեց Ազգային ժողովի ամբիոնից։ Այս քայլն ակնհայտորեն դուր չեկավ նիստը վարող Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։
«Դուք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի», - ասաց Եղոյանը:
«Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը շարունակեց Եվրամիության դրոշի թեման՝ պնդելով. - «Եվրամիության դրոշը հենց այն երկաթե սյունն է, որը պաշտպանելու է մեր երիտասարդ ժողովրդավարությունը, շնորհակալ եմ գործընկերոջս՝ պարոն Բաբաջանյանին, որը բերեց այդ դրոշը»:
Խորհրդարանի ամբիոնին Արման Բաբաջանյանի դրած կալոշը, լսումների մասնակիցներից մեկը ցած նետեց, իսկ ԵՄ դրոշը այդպես էլ մնաց կախված։