Հայաստա'նը չի ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը, գնդակն Ադրբեջանի դաշտում է, ամերիկացի կոնգրեսականների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բայց այդպես էլ չնշեց՝ հիմա՞ ինչ է ուզում Ադրբեջանը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ կոնկրետ ի՞նչ պատճառով են ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումն ու հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը։ Այս դեպքում էլ պատճառ չնշեց։
Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային սկզբունքներին անդրադառնալով ասաց՝ գործընթացը շարունակվում է, լիահույս են, որ հաջողության կհասնեն:
«Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղության պայմանագրի մասով որևիցե ձգձգում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել, և այն, կարելի է ասել, այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ, և գնդակը գտնվում է այնտեղ», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացը
Ամերիկացի օրենսդիրներն ասացին՝ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի: Բանակցություններում Միացյալ Նահանգներին միջնորդի դերում են տեսնում: Վստահեցրին՝ Վաշինգտոնը Երևանի կողքին է, պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը: Խոստացան աջակցել հայ ռազմագերիների վերադարձի հարցում:
«Մենք հասկանում ենք՝ կան խոչընդոտներ, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ կարգավորման հարցում: Այստեղ լինելով՝ մենք տեսնում ենք նաև Հայաստանին սպառնացող անվտանգության մարտահրավերները, հասկանում ենք, որ դուք կարող եք ռազմական հարձակման թիրախ դառնալ, ու ձեր ունեցած միջազգային ռազմական աջակցությունը սահմանափակ է: Այստեղ ենք, որ աջակցենք ձեր ջանքերին», - հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ, սենատոր Բեն Քարդինը՝ շարունակելով. - «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց նաև հաշվետվողականություն պետք է լինի փախստականների, մշակութային ժառանգության պահպանության, անարդարացի կալանավորված մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ»
Քարդինը, սակայն, չցանկացավ առաջ անցնել ու անդրադառնալ ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագիծի ճակատագրին։
Այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության գնալու համար, հնարավո՞ր է, որ դրա ընդունումը արագացվի, եթե Բաքուն հրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, «Ազատություն»-ը հարցրեց ամերիկացի սենատորին։
«Արդյունքների հասնելու համար մենք շատ գործիքներ ունենք, չեմ ուզում նախանշել, թե այդ խառը գործիքակազմն ինչպես կարող ենք օգտագործել, բայց նշեմ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ու ցանկանում է առաջ մղել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացը», - ասաց Քարդինը:
Հայաստանը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանում
Այսօրվա ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Բայց թե ով է թեկնածուն, ու արդյոք հաստատվել է ագրեմանը, չմանրամասնեց:
«Թեկնածությունը ներկայացված է արդեն, և մենք սպասում ենք նշանակմանը», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Դեռ հոկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, և իր փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում: Բայց պաշտոնապես չի հայտարարվել, թե նրա թեկնածությունը հաստատվել է:
Վաղարշակ Հարությունյանը երկուսուկես տարի է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է:
Լրագրողը Սիմոնյանից մասնավորապես հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են արձագանքում Հարությունյանի այն քայլին, որ հայ-ռուսական լարվածության պայմաններում նա, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ շաբաթում երկու այց կատարեց ուկրաինական հարվածներից տուժած Ռուսաստանի շրջաններ՝ իր վշտակցությունը հայտնելու փլուզումից տուժածներին:
«Հարցը ավելի ճիշտ է ուղղել Արտաքին գործերի նախարարությանը, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը դեսպանների հետ շփման մասին ինձ ոչ միշտ է տեղյակ պահում կամ տեղյակ չի պահում, եթե դրա կարիքը չի լինում», - հարցին արձագանքեց ԱԺ նախագահը:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը
Ամերիկացի օրենսդիրները նկատել են, որ Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտենալ Արևմուտքին:
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Վիլսոնն ասաց՝ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, որը հակազդում է Խորհրդային Միությունը վերականգնելու Պուտինի նկրտումներին:
Սենատոր Ռոջեր Ուիքերն ադրբեջանցիներին ուղերձ ուներ. - «Ադրբեջանի գործընկերներին ու ԵԱՀԿ մյուս անդամներին ուզում եմ խոսք ուղղել՝ զգուշացեք Պուտինի Ռուսաստանի հետ միավորումից: Ադրբեջանցիներին ուզում եմ խորհուրդ տալ, որպեսզի փորձեն հասկանալ ազատության արժեքը. զգուշացեք, որպեսզի ռուսական մեծ արջը ևս մեկ անգամ չփորձի գերակա դիրք զբաղեցնել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ»:
Ամերիկացիները խոսեցին ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացից, անվտանգային, տնտեսական ու քաղաքական կապերը երկու երկրների միջև մեծացնելու ցանկությունից: Տպավորված էին հայերի ջերմ ընդունելությունից:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների երկկուսակցական պատվիրակության անդամները չորրորդ օրն է Հայաստանում են, հանդիպել են թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներին։