Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության պայմանագրին առնչվող «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։
«Բաքուն առջևում շատ նպատակներ ունի, իսկ առաջնահերթ խնդիրը՝ երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումն է», - եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։
Ընդդիմությունն այն ժամանակ արձագանքեց, թե Երևանը Բաքվի պահանջով է ուզում նոր Սահմանադրություն ընդունել։ Իշխանությունն էլ հերքեց, թե դրսից նման պարտադրանք կա։
Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունից մոտ տասն օր անց, սակայն, Բաքուն ասաց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով։