Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպում են Ֆիդանը և Բայրամովը


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդան և Ջեյհուն Բայրամով, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդան և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տարածել են Հաքան Ֆիդանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպման կադրերը, սակայն քննարկումներից մանրամասներ դեռ չկան։

Ադրբեջանի արտգործնախարարը Թուրքիայի մայրաքաղաք մեկօրյա այցով է մեկնել։ Պաշտոնական Անկարան տեղեկացրեց, որ քննարկման առանցքում տարածաշրջանային ու միջազգային զարգացումներն են։ Թուրքական լրատվամիջոցները փակագծեր բացեցին, թե երկու նախարարները կքննարկեն հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացը, ինչպես նաև Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը։

Թուրքական «Հյուրիեթ»-ը թուրք-ադրբեջանական այսօրվա բանակցություններին անդրադառնալով գրել է՝ դրանք տեղի են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման հնարավորության ֆոնին, քանի որ երկու երկրները պայմանավորվել են ժամանակավորապես հանել հաղորդակցության ուղիների բացման վիճահարույց հարցը խաղաղ համաձայնագրից: Թուրքական կողմը, ի դեպ, այս մասին խոսելիս կրկին «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառում։

Բացի այդ, շարունակել է թուրքական պարբերականը,
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Անկարա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից մեկ շաբաթ անց, երբ նա Մոսկվայի ծառայություններն առաջարկեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում։

Այդ այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները Երևանն է սաբոտաժի ենթարկում։

Հայաստանը բուռն արձագանքեց։ Երևանը հակադարձեց, որ Լավրովի հայտարարությունը «կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը»:

Բայց այս հայտարարությանը հաջորդեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի մասին Երևանի ու Մոսկվայի շեշտադրումները տարբեր էին։

Երևանը հաղորդեց, թե Ռուսաստանի նախագահը Փաշինյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Ու չնայած Երևանը կասկածի տակ էր դրել Մոսկվայի կառուցողական դիրքորոշումը, Կրեմլը կրկին ընդգծել էր թե՛ խաղաղության պայմանագրի մշակման, թե՛ սահմանազատման, թե՛ ապաշրջափակման հարցերում աջակցելու Պուտինի պատրաստակամությունը։

Բաքուն ռուսական հարթակն ընդունելի էր համարել։ Այսօր, սակայն, Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը պնդել է, թե լավագույն ձևաչափը դեմ առ դեմ բանակցություններն են՝ առանց միջնորդների։

«Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ՝ խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան Korean Times պարբերականին։

Միաժամանակ, Բաքուն շարունակում է պնդել՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի կնքվի, քանի դեռ Երևանը չի համաձայնել Սահմանադրությունը փոխելու նախապայմանին։

«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում ադրբեջանցի պաշտոնյան նաև ընդգծել էր՝ զուր է Երևանը հույս կապում, թե կարող է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG