Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, քննարկել տարածաշրջանային զարգացումները։
Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ու Սոբհանին քննարկել են նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը։ Իրանը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար»։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։