Մատչելիության հղումներ

«Ամբողջությամբ քննել ենք 44-օրյա պատերազմի քրեական գործերը». Քյարամյան


Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, արխիվ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, արխիվ

Իրավապաշտպանը, մինչդեռ, ընդգծում է՝ հանրությունը չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները:

Ի՞նչ նկատի ուներ Արգիշտի Քյարամյանը, երբ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը լքելուց առաջ խոսեց 44-օրյա պատերազմի քրեական գործերի քննության արդյունքների մասին, դրանք համարեց կարևոր Հայաստանի նորագույն պատմության համար։

«Մենք կարողացել ենք ամբողջությամբ քննել 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերը: Մենք բոլոր ուղղություններով մանրակրկիտ քննություն ենք իրականացրել և բոլոր ուղղություններով արդյունքներ ունենք», - երեկ հայտարարեց Քյարամյանը:

«Այդ արդյունքները արտացոլում են մեր նորագույն պատմության կարևորագույն էջի էությունը, մենք կարողացել ենք հասնել դրան, և այդ պատմությունը իրականում ժամանակի ընթացքում ցույց կտա այն իրողություններն ու իսկությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում», - վստահեցրեց նա:

Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանում է՝ Քյարամյանը երեկ խոսում էր պատերազմին առնչվող ենթադրյալ հանցագործություններին Քրեական օրենսգրքի շրջանակում գնահատականներ տալու մասին։ Նկատի ուներ, որ ավելի քան 2 հազար հատոր գործերի մեծ մասի քննությունն ավարտվել է, դրանք ուղարկվել են դատարան։

«Խոսքը վերաբերում է բացառապես քրեական վարույթների նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի ընդհանուր վերլուծությանը, այսինքն՝ դիտարկումներն արվել են միմիայն քրեական և քրեաիրավական հարթության մեջ: Այլ բնույթի գնահատական տալու իրավասություն Քննչական կոմիտեն ըստ էության չունի էլ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 44 օրերի ընթացքում, երբ Հայաստանը պարտվեց, Արցախի կարևոր բնակավայրեր ու դիրքեր անցան Ադրբեջանին։ Քննչականի խոսնակն ասում է՝ հնարավոր պատասխանները հենց այդ քրեական գործերում են։ Արդյո՞ք այս գործերով անցնում են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց որոշումներից էին կախված բանակի գործողությունները։

«Ես չեմ կարող հիմա էդպիսի տվյալներ տալ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դավաճանական գործողությունների վերաբերյալ՝ ես էդպիսի բան չեմ մտաբերում, բայց որ ունեցել ենք պետական դավաճանության որոշակի դրսևորումներ, կրկնում եմ՝ ոչ բարձրաստիճան սպայական կազմի մակարդակում, դրանց մասին մենք հրապարակումներ տվել ենք», - նշեց Աբրահամյանը:

Ըստ քննության արդյունքների՝ պատերազմի ընթացքում եղել են սխալ մարտավարության, սխալ հրամանների, հրամաններին չենթարկվելու հետևանքով մարդկային ու տարածքային կորուստներ, ռեսուրսների ոչ ճիշտ բաշխման խնդիրներ:

«Հետագա պատմության համար էդ ահռելի ծավալի կատարված աշխատանքը՝ մոտ 2 հազար հատորը գերազանցող ծավալի աշխատանքը, ուսումնասիրության առարկա դառնալով՝ ի հայտ կբերի, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում», - ընդգծեց Քննչականի խոսնակը:

Պատերազմի գործերից մեկով հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությունից հետո. - «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ»:

Քյարամյանի ղեկավարած կառույցը դեռ երկու տարի առաջ որպես վկա հարցաքննած Փաշինյանին պատերազմի պարտության մեջ մեղավոր չի համարել։ Քրեական գործը հարուցվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահում հոդվածով, այնինչ որդեկորույս ծնողները պնդում էին՝ սա դավաճանություն է։

«Այդ քյարամյաններին է պետք հարցնել՝ ո՞ր հոդվածին է համապատասխանում և ի՞նչ կարգի ծանրության մեղք է սա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ չնայած հազարավոր գործերին, հանրությունն այդպես էլ հստակ պատկերացում չունի՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ էր հայկական կողմը 40 օր շարունակ խոսում հաղթանակի մասին. - «Եղել է պատերազմ, որից կարելի էր խուսափել, բայց մերոնք իրենց կարճամտության պատճառով չեն խուսափել, հանգել ենք ծանրագույն պարտության, և հիմա որևէ մեկը չի ցանկանում էդ պարտության տերը լինել։ Ոչ միայն էդ պարտության տերը լինել չեն ցանկանում, այլ նաև էդ պարտությունը հասկանալ և մարսել չեն ցանկանում»:

«Քյարամյաններ, փաշինյաններ, ես չգիտեմ էլ ովքեր, մերժվածներ և մերժողներ, պարտվածներ և պարտվողներ, որոնք իրար հետ պատերազմելով, իրար չհասկանալով, իրար չընդունելով, իրար թշնամանալով և իրար փոխլրացնելով՝ փորձում են կոծկել մեր պատմության այդ ծանրագուն էջը», - ասաց Վարդան Հարությունյանը:

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը ևս չի բացահայտում անցած տարիներին ձեռք բերած տվյալները։ Զեկույցը գաղտնի է համարվում, իսկ հանձնաժողովի ղեկավար, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս միայն չէր բացառել, որ կլինեն նոր քրեական գործեր, բայց որևէ մեկի անունը չէր տվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG