Մատչելիության հղումներ

ՍԴ-ը մերժել է քննել բանտում գտնվող Դավիթ Տոնոյանին առնչվող դիմումը


Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժել է քննել արդեն 2.5 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարարին առնչվող դիմումը և եզրահանգել, որ հարցը վճռաբեկ դատարանի տիրույթում է։ Բարձր դատարան էր դիմել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։

«Սահմանադրական դատարանը հերթական անգամ փաստեց, որ վճռաբեկ դատարանը չպետք է իր սահմանադրաիրավական առաքելությունից խուսափի և հարցը տեղափոխի Սահմանադրական դատարանի տիրույթ», - ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։

Անպիտան հրթիռների գործով գլխավոր մեղադրյալ Դավիթ Տոնոյանի դատաքննությունն ընթանում է Քրեական դատավարության հին օրենսգրքով, ըստ որի դատարանը կարող է նրան կալանքից ազատ արձակել, օրինակ, ստորագրության դիմաց, գրավով, բայց՝ ոչ տնային կալանք նշանակել կամ էլ ընտրել վարչական վերահսկողությունը, երբ ամբաստանյալն ազատության մեջ է, բայց ունի տեղաշարժման և գործողությունների սահմանափակում ու պարտավոր է շաբաթը առնվազն երեք անգամ ներկայանալ իրավասու մարմնին։

Մեղքը չընդունող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը համաձայն է բարձր դատարանի որոշման հետ։

«Սահմանադրական դատարանն այս փուլում, ամրագրելով, որ հարցը վճռաբեկ դատարանի տիրույթում է, արտահայտել է, իմ գնահատմամբ, ճիշտ իրավական դիրքորոշում», - ասաց նա:

Փաստաբանի խոսքով, բարձր դատարանի որոշումից հետո վերաքննիչ դատարանը կվերսկսի իրենց բողոքի քննությունը՝ կամ կբավարարի այն՝ կիրառելով տնային կալանքը, կամ էլ իրեք կդիմեն վճռաբեկ ատյան։

Ապրիլին փաստաբանները միջնորդել էին գործը քննող Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով, ի վերջո, կալանավորումը փոխարինել գոնե տնային կալանքով, բայց դատավորը մերժել էր։ Նշել էր, որ նոր օրենսգիրքը նախկին պաշտպանության նախարարին չի վերաբերում։ Դրանից հետո փաստաբանները դիմել էին վերաքննիչ, որն էլ հարցը կասեցրել էր ու դիմել Սահմանադրական դատարան։

«Եթե վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը պաշտպանության կողմին չբավարարեց, ապա, այո, պաշտպանության կողմը պարտադիր կերպով կդիմի վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքով և կհայցի գոնե այս անգամ, որպեսզի վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունի և այդ բողոքի կապակցությամբ վերջնական իրավական դիրքորոշում արտահայտի», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Չնայած վճռաբեկի հետ ունեցած փորձին, երբ Տոնոյանի հարցով այս ատյանը առանց պատճառաբանության վարույթ չէր ընդունել իրենց դիմումը, փաստաբան Մանուկյանն ընդգծում է՝ ՍԴ որոշումից հետո վճռաբեկը պարտավոր կլինի վարույթ ընդունել այն, իսկ մերժման դեպքում էլ պատճառաբանել իր որոշումը։ Պետք է վերջ դրվի այս անհստակությանը՝ ասում է փաստաբան Մանուկյանն ու ընդգծում՝ կարիք կա կայացնելու նախադեպային որոշում, որը կվերաբերի ոչ միայն Տոնոյանին, այլև՝ շատ այլ մեղադրյալների։

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանները շարունակում են պնդել՝ իրավաչափ չէ, որ մեղադրյալների մի մասի դեպքում նոր օրենքն է գործում, մյուսների դեպքում՝ հին՝ սահմանափակ հնարավորություններովը։

«Կրկնում եմ՝ ոչ թե իմ ցանկությունից ելնելով, այլ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական պարտականությունից ելնելով, այո, այդ բողոքն ընդունել վարույթ և Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ արտահայտել նախադեպային իրավական դիրքորոշում», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած 56-ամյա Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով մեղադրվում է պետությունից շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Ըստ քրեական գործի` 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 անպիտան հրթիռներ։ Մյուս 6 մեղադրյալներն, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ են։

ՍԴ-ը մերժել է քննել բանտում գտնվող Դավիթ Տոնոյանին առնչվող դիմումը
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG