Շահրամանյանն ընդունել է քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը: Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն «Ազատությանն» ասաց՝ նիստը նոյեմբերի 24-ին կկայանա. փա՞կ, թե՞ բաց ֆորմատով՝ պատգամավորն ասաց՝ այդ հարցը դեռ չեն քննարկել։
Շահրամանյանին պաշտոնական հրավերն ուղարկվել էր երեք օր առաջ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ որոշել են Արցախի նախկին նախագահը Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ փորձել ստանալ վերջին նախագահից: Մտադիր են հրավիրել նաև քրեական գործով անցող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին:
«Շատ կարևոր է և՛ պարոն Շահրամանյանին, և՛ պարոն Ջալալ Հարությունյանին քննիչ հանձնաժողովում լսելը», - նշել է Քոչարյանը:
Ընդդիմությունից պնդում են՝ քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում
Եվ մինչ հանձնաժողովը պատրաստվում է Շահրամանյանի մասնակցությամբ նիստին, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հղում անելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, հայտարարում է՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովն ապօրինի է գործում, դրա լիազորություններն ավարտվել են ավելի քանի երեք ամիս առաջ:
«2022 թվականի փետրվարի 10-ից եթե հաշվում ենք երեք հատ վեց ամիս, այսինքն, առաջին վեց ամիսը ավարտվեց, երկու անգամ ավելացվեց, երկարաձգվեց, լրանում է 2023 թվականի օգոստոսի 10-ին, այսինքն, օգոստոսի 11-ից այս հանձնաժողովը չկա», - ասաց Մինասյանը:
Կանոնակարգ օրենքը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ երկարաձգվել մինչև վեցական ամսով: Պարզ հաշվարկով՝ 2022 թվականի փետրվարին ձևավորված հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է այս տարվա օգոստոսին, մինչդեռ հանձնաժողովից պնդում են, թե աշխատանքը կամփոփեն դեկտեմբերին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հրաժարվեց մանրամասնել, թե իրավական ինչ ընթացակարգերով են առաջնորդվել այս հաշվարկն անելիս, որ օգոստոսը չեն համարում վերջնաժամկետը։
«Շարունակում եք պնդել ձեր սխալ տեղեկատվությունը, երեկ ես իմ ստորագրությամբ, ինչպես խոստացել էի, ամբողջ փաթեթն ուղարկել եմ պարոն Արծվիկ Մինասյանին», - նշեց Քոչարյանը:
Ընդդիմադիր պատգամավորին տրամադրած գրավոր պարզաբանման մեջ Անդրանիկ Քոչարյանը բացատրել է, թե երկու տարվա արձակուրդների ընթացքում հանձնաժողովը փաստացի չի գործել: Հենց այդ պատճառով էլ հանձնաժողովի աշխատանքը կամփոփի դեկտեմբերին: Արծվիկ Մինասյանը այս հիմնավորումը իրավաչափ չի համարում, շեշտում է՝ այս հիմքով հանձնաժողովի գործունեության շարունակությունը առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում։
«Իհարկե, էստեղ էլ հասկանալի չէ ինչ հաշվարկներ են արել, բայց սա ապօրինի է. արձակուրդը չի կարող հիմք հանդիսանալ որևէ մարմնի լիազորությունների ժամկետի երկարացման մեջ, այդ տրամաբանությամբ Ազգային ժողովն էլ պետք է 5.5 տարի գործի, որովհետև ամեն տարի մի ամիս արձակուրդում է», - ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Ընդդիմադիր պատգամավորն այսօր գրավոր դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ Ալեն Սիմոնյանը կզբաղվի այս հարցով և կհայտարարի հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին։ Հակառակ դեպքում, ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այս պահի դրությամբ ակնհայտ է մեկ բան, որ քննիչ հանձնաժողովը չկա, չի կարող գործել՝ մեկ, և երկրորդը՝ որևէ նման ապօրինի հիմնավորմամբ շարունակել այդ հանձնաժողովի գործունեությունը նշանակում է ուղղակի կատարել քրեորեն պատժելի արարքին բնորոշ գործողություններ», - ընդգծեց Մինասյանը:
Ի դեպ, խորհրդարանի դահլիճում քննիչ հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Ալեքսանյանն ակնարկեց, թե հանձնաժողովի ապօրինի գործունեության վերաբերյալ Արծվիկ Մինասյանի պնդումները կապված են Սամվել Շահրամյանին հրավիրելու իրենց որոշման հետ:
Մինասյանը հակադարձում է՝ ինքը այդ գործընթացին առհասարակ չի հետևում։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները հենց սկզբից են բոյկոտել այս հանձնաժողովի աշխատանքը՝ կասկածի տակ դնելով իշխանականների օբյեկտիվությունը։