«Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որտե՞ղ են 44-օրյա պատերազմից հետո անհետացած 17 հազար ինքնաձիգները, որոնք պատերազմ մեկնող քաղաքացիներին բաժանվել էին հենց վարչապետի որոշմամբ:
«Հայաստանի ժողովրդին, մարդկանց, ընդդիմությանը այդ թվում, ահռելի քանակությամբ զենք ա բաժանվել՝ իմ որոշմամբ», - հայտարարել էր Փաշինյանը:
Ռազմական գործողությունների ավարտից գրեթե չորս տարի անց հայտնի չէ կորած զենքի գտնվելու վայրը:
Զենքով հանցագործությունների թվի աճի ֆոնին վարչապետ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում միայն հաստատեց՝ այս ընթացքում ոչ մեծ արդյունք են գրանցել: Նա, սակայն, հայտնաբերված զենքի վերաբերյալ վիճակագրություն չներկայացրեց։ Հարցն, ըստ էության, այնքան լուրջ է, որ հասել է մինչև Անվտանգության խորհուրդ։
«Ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ մենք զենքի, ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է որոշակի վերանայենք, որովհետև էն մեթոդաբանությունները, որոնցով մենք աշխատել ենք, իրենք այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին: Եվ պետք է ասեմ՝ ինչքան հասկանում եմ, էդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ, բայց, ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ կան՝ էդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել», - ասաց վարչապետը:
Մինչդեռ ամիսներ առաջ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, թե ինքնաձիգների զգալի խմբաքանակի վայրն արդեն պարզվել է։ Թե խոսքն ինչ քանակի մասին է, և արդյոք իրավապահները դրանք առգրավել են, գերատեսչությունից չէին պարզաբանել։ «Ազատություն»-ը կրկին դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո առգրավե՞լ են այդ ինքնաձիգները, և եթե այո, ապա ի՞նչ քանակի մասին է խոսքը։
«Մենք հիմա պետք է կենտրոնանանք հրազենի հետ կապված խնդիրների վրա, իհարկե՝ ուշադրությունը չշեղելով մյուս հանցատեսակներից», - այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում ո՛չ ներքին գործերի նախարարի տեղակալը, ո՛չ վարչապետն ու մյուս պաշտոնյաները այդպես էլ չհստակեցրին՝ ինչպես է ստացվել, որ պետությունը չի կարողանում պարզել իր իսկ կողմից բաժանված զենքի ճակատագիրը։ Միայն հաստատեցին՝ այս տարվա 8 ամիսներին գրեթե 55 տոկոսով աճել է հրազենով ու այլ ռազմամթերքով հանցանքների թիվը։
«Մեծ ուղղություններով ունենք նվազում, հրազենի գործադրման հետ ունենք աճ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այո, պարոն վարչապետ», - արձագանքեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2023-ի 8 ամիսներին հրազենով ու այլ ռազմամթերքով 44 հանցանք է իրականացվել, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում դեպքերը հասել են 68-ի։
Պատերազմի մասնակից քաղաքացիներից մի քանիսը, չներկայանալու պայմանով, ասացին, որ զինկոմիսարիատներում ինքնաձիգները ստացել են առանց գրանցման, իսկ պատերազմից վերադառնալուց հետո էլ՝ ռազմական ոստիկանությունը չի հսկել՝ արդյոք իրենց մոտ զենք կա՞, թե՞ ոչ։ Պատերազմին կամավոր մասնակցած Արման Պետրոսյանն էլ «Ազատությանն» ամիսներ առաջ պատմել էր՝ եթե ինքն ու զինակից ընկերները զենքը չհանձնեին, իրենց ոչ ոք ոչինչ չէր ասի. - «Մենք էլ երկու օրով արձակուրդ ենք եկել, մեզ, օրինակ, իմացել են՝ Քեռու ջոկատից ենք, ճանապարհը բացել են, ասել են՝ անցեք, ոչ ստուգել են, ոչ էլ հարցրել են՝ զենք կա՞ ձեր մոտ, թե՞ ոչ։ Այդ բարձիթողի վիճակն է»։
«Մեկ- մեկ մեքենաներ էին կանգնեցնում, իբր ստուգում էին, բայց իրականում մարդու մտքին լիներ՝ ավտոմատ ու գնդացիր չէ, կարող էր, չգիտեմ, հրանոթ նույնիսկ քանդած վիճակում բերել հասցնել Երևան, էլի», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ոստիկանական բարեփոխումների մշակմանը որոշ ժամանակ մասնակցած իրավապաշտպան Իոաննիսյանն ինքնաձիգների անհետացման թիվ մեկ պատասխանատուն ոստիկանությանն է համարում, պնդում՝ պատշաճ վերահսկողության դեպքում նման ահռելի քանակ չէր մնա մարդկանց ձեռքում։
«Ինչ-որ մի հատված, ենթադրում եմ՝ փոքր մասը, իրոք կորել է, ոչ թե ինչ-որ անձինք ապօրինի պահում են այն, այլ իրոք կորել է կամ էլ հայտնվել է ադրբեջանցիքի ձեռքում: Իսկ մեծ մասը, այո, մեծ մասը, ամեն դեպքում, տարբեր անձանց մոտ տարբեր քանակի ապօրինի պահվում է», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը:
2020-ի պատերազմի ավարտից մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունը հայտնել էր Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու առիթով հարուցված 50-ից ավելի քրեական գործերի ու մեղադրյալների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այս գործերի մի մասն է դեռ դատարան հասել։