Մատչելիության հղումներ

Փաստաբանի պնդմամբ՝ Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո, ՔԿ-ն հերքում է


Երկու ամիս առաջ Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

«Միակ ապացույցը ճնշումների տակ տված Սարգիս Գալստյանի ցուցմունքն է, երբ ինքը մտել է Հայաստանի Հանրապետություն, սպառնացել են, որ կնոջն են ձերբակալել, երեխաներին կձերբակալեն, սպառնացել են, որ իրեն խցում կկախեն, և այդ սպառնալիքի ազդեցության տակ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, ինչից հիմա հրաժարվել է, և բացի այդ խոստովանական ցուցմունքը, ներկայումս այլ փաստական տվյալ չկա», - ասաց Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին։ Մեղադրանքը վերաբերում է 44-օրյա պատերազմի օրերից մինչև Արցախի հայաթափման շրջանին։ Իրավապահները լրտեսության այս գործի մասին երկու ամիս առաջ հայտնեցին, բայց թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանին, չեն մանրամասնում՝ վկայակոչելով գործի գաղտնիությունը։

«Չկա որևէ փաստարկ, որևէ ապացույց, քիչ թե շատ փաստական տվյալի նմանվող որևէ հանգամանք, որ Սարգիս Գալստյանը նախ հավաքագրվել է, այնուհետև Ադրբեջանի իշխանություններին փոխանցել է ինչ-որ տվյալ, որը կարող էր օգտագործվել ՀՀ շահերի դեմ», - նշեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Արցախի հայաթափումից հետո Գալստյանն ու կինը ևս կես տարի մնացին Ստեփանակերտում, հետո որոշեցին տեղափոխվել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո, բայց նաև չի հստակեցնում, թե կոնկրետ որ կառույցն է սպառնալիքներով ցուցմունք կորզել։ Նշեց միայն, որ դիմակավորված անձինք են եղել։

Գործը քննող Քննչական կոմիտեից, սակայն, հերքում են, որ Գալստյանը ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո, ավելին, փոխանցեցին, որ Կոչուբաևը հանցագործության մասին է ահազանգում, և փաստաբանին ոչինչ չի խանգարում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Գալստյանն առերեսվել է Սամվել Շահրամանյանի հետ

Գալստյանը վերջերս առերեսվել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, որն այս գործով վկա է։ Փաստաբանի պնդմամբ՝ Շահրամանյանի վկայությունները մեղադրանքը չեն հաստատել, Գալստյանի դեմ առհասարակ ցուցմունք չկա։

«Իր կողմից չեն տրվել նման բնույթով մեղադրական ցուցմունքներ», - նշեց փաստաբանը։

Ինքը՝ Շահրամանյանը, օրերս հաստատել էր, որ հարցաքննվել է այս գործով, բայց փակագծեր չէր բացել, թե կոնկրետ ինչ հարցեր են իրեն տվել, ինքն էլ ինչ պատասխաններ է տվել։

Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ էր ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող Սարգիս Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, այդպես էլ պարզ չեղավ։ Փաստաբան Կոչուբաևը ևս չմանրամասնեց, ասաց՝ գաղտնիության հարց կա։

Գալստյանի վերաբերյալ տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքուն նրան Ստեփանակերտի պարետ է նշանակել։ Այս լուրերը, սակայն, չհաստատվեցին, ավելին՝ նախագահ Ալիևը ադրբեջանցու նշանակեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի պարետ։ Գուցե այս տեղեկությունների պատճառով նրան թիրախավորեցին, կարծում է փաստաբանն ու պնդում՝ նախաքննությամբ ևս պարետ նշանակվելու մասին պնդումները չեն հաստատվել։

«Հիմա ներկայումս էլ քրեական վարույթով փաստարկված է, որ նմանատիպ նշանակում չի ունեցել, Ադրբեջանի իշխանությունների հետ Սարգիս Գալստյանը որևէ առնչություն չի ունեցել», - նկատեց նա։

Ինչո՞ւ Արցախի հայաթափումից միայն կես տարի անց Գալստյանը որոշեց լքել Ստեփանակերտը, փաստաբանի խոսքով, մնալն արդեն վտանգավոր էր, իսկ մնացել էր՝ կարծելով, որ այս ամենը ժամանակավոր է, և մի օր արցախցիները կվերադառնան։

Սարգիս Գալստյանն Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG