Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին հայտարարել է՝ ադրբեջանական ինքնաթիռի վթարի մեղավորը ռուսական կողմն է


Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից ավելի քան 10 օր անց Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ ավիավթարի մեղավորը ռուսական կողմն է: Ավիաաղետի հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը դարձյալ պահանջել է պատժել 38 մարդու կյանք խլած վթարի մեղավորներին:

«Չեմ ցանկանում դեռ գաղտնազերծել քրեական գործի բոլոր նյութերը, սակայն կարող եմ վստահությամբ ասել, որ մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիներ են զոհվել: Եվ մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ասել է՝ եթե վթարից հետո առաջին իսկ ժամերին տեսնեին, որ Ռուսաստանը փորձում է օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, ապա կհամաձայնեին, որ «սև արկղերի» վերծանումն իրականացներ միջպետական ավիացիոն հանձնաժողովը:

«Այս կառույցի հետ մենք համագործակցել ենք տասնամյակներ: Այս կառույցը, ըստ էության, ավիաաղետների հետաքննությամբ զբաղվել է նախկին Խորհրդային Միության տարածքում: Սակայն երբ մենք տեսանք այս գործը կոծկելու, այն ինչ-որ թռչունների հետ բախման կամ գազի բալոնի պայթյունի վերագրելու փորձեր, բնականաբար այս կառույցի օբյեկտիվության հարցում թե՛ իմ մոտ, թե՛ ադրբեջանական հանրության մոտ առաջացած կասկածներ բավական լուրջ էին», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևն ասել է, որ հենց այդ պատճառով էլ նախաքննությունը հանձնարարվել է միջազգային կառույցին: Նա նշել է, որ այժմ ընթանում է «սև արկղերի» հետազոտությունը, մոտ ապագայում կստացվեն արդյունքները և կպարզվի ողբերգության ողջ պատկերը, ինչը, ըստ նրա, կարևոր է վթարի ամբողջական հետաքննության և մեղավորներին պատժելու համար:

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով, հավելել է նա։

«Բայց ինչո՞ւ է ինքնաթիռն ուղարկվել Ակտաու։ Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Արդյոք դա տեղի է ունեցել տեղի՞ ավիադիսպետչերների որոշմամբ, թե՞ օդաչուները հասկացել են, որ Ռուսաստանի օդային տարածքում էլեկտրոնային պատերազմի համակարգերն այլևս թույլ չեն տա վայրէջք կատարել, և իրենք են կատարել այս ընտրությունը: Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Բնականաբար, «սև արկղերը» բացելուց հետո այդ ամբողջ տեղեկությունը կհայտնվի», - ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Գրոզնիի օդային տարածքը փակվել է ինքնաթիռի խոցումից հետո։ Ըստ նրա՝ եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնիում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին բոլոր կանոնները, ինչպես նաև համակարգվեր Ռուսաստանի ռազմական ուժերի և քաղաքացիական ծառայությունների աշխատանքը, այս ողբերգությունը չէր լինի:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության կենտրոնն ավարտել է ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը և տվյալներն ուղարկվել են վթարի հետաքննությունն իրականացնող Ղազախստանի համապատասխան մարմիններին: Ըստ Ղազախստանի տրանսպորտի նախարարության՝ սպասվում է, որ առաջիկա օրերին Աստանա կժամանեն վթարը հետաքննող միջազգային հանձնաժողովի անդամները՝ «սև արկղերից» վերծանված նյութերով:

Վթարից հետո Ռուսաստանի նախագահը երկու անգամ զանգահարել է Ալիևին: Վլադիմիր Պուտինը նաև ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն Ալիևը նաև պահանջում է, որ Ռուսաստանը փոխհատուցում տրամադրի աղետից տուժածներին և զոհերի ընտանիքներին:

XS
SM
MD
LG