Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ օբյեկտիվ ու անաչառ հետաքննություն անցկացնելու համար», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել է Տոկաևը։
Ավելի վաղ Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի մասնագետները Բրազիլիայում կմասնակցեն ինքնաթիռի սև արկղերի վերծանմանը։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ վերջին ամիսներին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է ուկրաինական անօդաչուների հարձակման դեմ։