Մատչելիության հղումներ

Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանն է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են։

«Մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», - ասել է Ալիևը ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։

Նշելով, որ այժմ ընթանում է սև արկղերի հետազոտությունը, Ադրբեջանի նախագահն ասել է, որ մոտ ապագայում կստացվեն արդյունքները, և ողբերգության ողջ պատկերը կպարզվի, ինչը կարևոր է վթարի ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում։

«Այս միջադեպը ծածկադմփոց անելու և անհեթեթ վարկածների վրա պնդելու ռուսական պետական կառույցների փորձերը մեզ մոտ զարմանք, ափսոսանք և արդարացի վրդովմունք են առաջացնում», - շեշտել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ադրբեջանական ինքնաթիռը անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

«Բայց ինչո՞ւ է ինքնաթիռն ուղարկվել Ակտաու։ Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Արդյո՞ք դա տեղի է ունեցել տեղի ավիադիսպետչերների որոշմամբ, թե՞ օդաչուները հասկացել են, որ Ռուսաստանի օդային տարածքում էլեկտրոնային պատերազմի համակարգերն այլևս թույլ չեն տա վայրէջք կատարել, և իրենք են կատարել այս ընտրությունը: Այս մասին դեռ տեղեկություն չունենք։ Բնականաբար, սև արկղերի բացումից հետո այդ ամբողջ տեղեկատվությունը կհայտնվի»,-ասել է Ալիևը։

Ադրեբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Գրոզնիի օդային տարածքը փակվել է արդեն ինքնաթիռի խոցումից հետո։ «Եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին բոլոր կանոնները, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև համակարգում լիներ, այս ողբերգությունը չէր լինի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել։

XS
SM
MD
LG