Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ տվյալներն ուղարկվել են վթարի հետաքննություն իրականացնող Ղազախստանի համապատասխան մարմիններին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով՝ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանն Ալիևն ասել է, որ «մոտ ապագայում կստացվեն հետազոտության արդյունքները, ողբերգության ողջ պատկերը կպարզվի, ինչը կարևոր է վթարի ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում»։