Հայաստանի արտգործնախարարությունից չեն հստակեցնում՝ ե՞րբ և ի՞նչ օրակարգով է նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել Մոսկվա: Այցի մասին երկու օր առաջ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, սակայն, չէր մանրամասնել՝ հարցերի ինչ շրջանակ են քննարկելու սպասվող հանդիպմանը:
«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», - ընդգծել էր ՌԴ ԱԳ նախարարը:
Որ Արարատ Միրզոյանը մեկնելու է Մոսկվա, նաև Արտգործնախարարությունն էր հաստատել՝ հավելելով, որ այցը ծրագրված էր ավելի քան երկու ամիս առաջ: Վերջին անգամ Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում եղել է անցած տարվա հոկտեմբերին, մասնակցում էր ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի շրջանակում Միրզոյանն ու Լավրովը առանձին չեն հանդիպել: Առհասարակ Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումներ տևական ժամանակ է՝ չկան:
«Հայ-ռուսական հարաբերությունները շատ բազմաշերտ են, և գրեթե չկա մի ոլորտ, որտեղ երկու երկրները առնչություններ չունեն միմյանց հետ: Հետևաբար՝ երկկողմ բանակցությունների օրակարգը շատ լայն կարող է լինել: Բնականաբար, քաղաքական առաջնահերթ հարցերը առավել մեծ կարևորություն ունեն նման հանդիպումների ժամանակ, որոնք կարծես թե կուտակվել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:
Հայ-ռուսական հարաբերություններում հիմնական քննարկումներն այժմ ծավալվում են Եվրասիական տնտեսական միությունը լքել-չլքելու շուրջ: Նարեկ Սուքիասյանը կարծում է՝ Ռուսաստանը ցանկանում է պարզաբանումներ ստանալ մասնավորապես Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ: Նախագիծը հեղինակել և ներկայացրել էին արևմտամետ մի խումբ գործիչներ, Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ այն հավանության է արժանացրել, քննարկումները կշարունակվեն արդեն խորհրդարանում:
«Պետք է պարզաբանել, թե բացի այս՝ առանց այն էլ երկարատև տևող գործընթացից, Հայաստանի կառավարությունը մտնում է այս եվրաինտեգրման նպատակի կամ տեսլականի տակ որպես հեռահար երազա՞նք, կարելի է ասել, թե՞ ավելի պրակտիկ քայլի է դիմելու: Որովհետև պրակտիկ քայլերի դիմելու դեպքում է, որ պետք է պարտադիր որոշում կայացվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շուրջ, որը անհամատեղելի է Եվրամիության անդամ լինելու հետ», - ընդգծեց քաղաքագետը:
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին հենց դա են շեշտում՝ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ: Իսկ Հայաստանի իշխանությունը մի կողմից ասում է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ այժմ չունի, մյուս կողմից հստակ պատասխան չկա՝ ինչպիսի հեռանկար ունի ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը: Բրյուսելում ուսումնասիրում են Հայաստանի կառավարության հաստատած օրինագիծը, որը, սակայն, անդամակցության իրական գործընթացի մաս չի կազմում։