Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանությունն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին


Կառավարությունն այսօր հավանությունն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Նախագծին գործադիրի դրական դիրքորոշումը վարչապետն ու արտգործնախարարը բացատրեցին Հայաստան-Եվրամիություն վերջին տարիների ինտենսիվ հարաբերություններով։

«Եվրոպական միությունը տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել ու ըստ էության ներգրավվել է Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Եվրոպական միությունը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայության ամրապնդմանը», - նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց. - «Ինչո՞ւ կառավարությունը չի առարկում այս նախագծի ընդունմանը, որովհետ մենք արդեն իսկ արել ենք հայտարարություն Եվրոպական ամենաբարձր հարթակից, և պետք է մեր քաղաքական գործողությունները լինեն հետևողական, մենք հետևողական պետք է լինենք մեր քաղաքական գործողությունների մեջ: Հասկանալի է, որ այս թեման պարզ թեմա չէ»:

Ստրասբուրգում եվրոպացի օրենսդիրների առջև Հայաստանի վարչապետը 2023-ի հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան կառույցը հնարավոր կհամարի:

Փաշինյանն այսօր էլ կառավարության նիստում պնդեց՝ այս ընթացքում Եվրամիության հետ հարաբերություններում լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Նա օրինակ բերեց վիզաների՝ տարիներով ձգձգվող բանակցությունների մեկնարկն ու ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոյի աջակցությունը։

«Ծավալի առումով՝ անվտանգության տեսակետից ծավալի, ֆինանսական և տեխնիկական աջակցության մասշտաբով շատ ծանրակշիռ չի այս պահին, բայց քաղաքական առումով շատ ծանրակշիռ որոշում է», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ասաց՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

«Սցենարներից որևէ մեկի պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, ես Հայաստանի Հանրապետության տեսակետից եմ ասում, երբ կնշանակվի հանրաքվե և մեր Սահմանադրության նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվի», - ասաց վարչապետը:

Հանրաքվեն Հայաստանի Սահմանադրությամբ հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդեն Հայաստանն ու Եվրամիությունը անդամակցության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ ունենան։

Պաշտոնական Բրյուսելը մինչ այժմ հրապարակավ երբևէ չի հայտարարել Հայաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ միության կազմում տեսնելու ցանկության մասին։

Փաշինյանի խոսքով՝ մինչ հանրաքվեի անցկացումը Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ. - «Մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»:

Մոսկվայից արձագանքում են

Կառավարության որոշումից շատ չանցած՝ Մոսկվայից արձագանքեցին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ Եվրամության և Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինել»։

Պեսկովն ասել է, թե՝ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է։

Չնայած ԵԱՏՄ առանցքային անդամ Ռուսաստանի հետ լարված քաղաքական հարաբերություններին, վերջին տարիներին հայ - ռուսական առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։ Անցած տարվա առաջին ինը ամիսների տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրի 42 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, Եվրամիությանը՝ միայն 7.3 տոկոսը։ Հայաստանը նաև մեծ էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից։

Թե Ազգային ժողովը երբ կքննարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրինագիծը, պարզ չէ։ Այն դեռ չի ընդգրկվել խորհրդարանի օրակարգում։

XS
SM
MD
LG