Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին
Չնայած կառավարությունը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ պաշտոնական Երևանն այս պահին չունի, Հայաստանի ներսում և դրսում գործարարներն ահազանգում են ԵԱՏՄ-ից դուրս գալու ծանր հետևանքների մասին:
Tert.am-ը հրապարակել է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի վերլուծական հոդվածը, որտեղ նկարագրված են տնտեսական կառույցը լքելու դեպքում տեսանելի ռիսկերը, նաև այն, թե ինչ օգուտներ է Հայաստանն այժմ ստանում ԵԱՏՄ-ից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որը երբեք աչքի չի ընկել վերլուծական հոդվածներով, անհանգստացած է, որ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին օրինագծին:
«Բարգավաճի» առաջնորդը հարցի քաղաքական մասից շատ կարճ է խոսել՝ միայն պնդելով, որ Հայաստանին Եվրամիություն չեն հրավիրել և չեն էլ սպասում: Փոխարենը, խախտելով լռությունը՝ մանրամասն ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները։
Ծառուկյանը դիմել է թե՛ բիզնեսին, թե՛ ժողովրդին՝ զգուշացնելով, որ գործարարները կարող են կորցնել տարիներով ստեղծածը, իսկ քաղաքացիներին սպառնում է աղքատություն:
Գործարարը մանրամասնել է. «Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի փորձի պատկերացնել այս հեռանկարը։ Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն։
Դա նշանակում է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար բարձրանալու են բոլոր ապրանքների գները։ Մեր խնայողությունները նվազելու են։ Մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզո՞ւմ ենք հետ գնալ»:
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է այս հետևանքների շուրջ քննարկումներ սկսել և հասկանալ՝ առաջին հերթին պետք է օգտվել տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։
Սամվել Կարապետյանը հայ գործարարների մտահոգություններն է բարձրաձայնել
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն էլ այնտեղ ապրող հայ գործարարների մտահոգություններն է բարձրաձայնել՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարևորելով ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով:
«Չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները մենք կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա», - շեշտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել՝ իշխանությունը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով, թե ոչ, իսկ վերլուծություններ անելիս կարևորում է պաշտոնական հայտարարությունները, որոնք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չեն:
Բադալյանի կանխատեսմամբ նույնպես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի՝ կարիք ունենալով նոր խնամակալի:
Նրա կարծիքով՝ այդ խնամակալը կարող է լինել միայն Թուրքիան. - «Ես չեմ կարծում, որ Թուրքիան որևէ այլ խաղացողի թույլ կտա օգտվել այն պատեհությունից, որ կառաջանա, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»։
Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին նախագիծը, որը գործնականում ԵՄ անդամակցության իրական գործընթացի մաս չէ, հանգիստ չի տալիս ռուսական կողմին: Կառավարության որոշումից հետո գրեթե ամեն օր ռուս պաշտոնյաները խոսում են Հայաստանի օգուտներից: Այսօր ևս Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է՝ ԵԱՏՄ հիմնական շահառուն հենց Հայաստանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ։
«Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,- սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարության արտաքին քաղաքականությունը որակելով բալանսավորված։