«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», - պնդում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարեց Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2024 թվականի իրադարձությունները։
Խոսելով արդեն նոր՝ 2025-ի ընթացքում արձանագրված զարգացումների մասին՝ Լավրովն այսօր անդրադարձել է Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի սպասվող ստորագրմանը։
«Գլխավորն այն չէ, թե ի՞նչ ես ստորագրում կամ ինչպե՞ս է կոչվում այդ փաստաթուղթը, այլ, թե ինչ է բխում։ Մենք էլ մի շարք արևմտյան պետությունների հետ ստորագրած պայմանագրերում ռազմավարական գործընկերություն էինք հռչակում։ Բայց այդ փաստաթղթերում մենք դրա մասնակիցներից չէինք պահանջում որևէ երրորդ պետության դեմ հանդես գալ։ Ժամանակակից դարաշրջանում երբեք չէին գրում՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, ուրեմն դու պետք է միանաս պատժամիջոցներին։ Այժմ, սակայն, Սերբիային է նման պահանջ ներկայացվում։ Հայաստանից էլ կպահանջեն», - համոզված է Լավրովը։
Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին
Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից նախորդ շաբաթ կայացված որոշմանը, որով տրվում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը կրկնում էր Մոսկվայից անցած շաբաթավերջին հնչած նախազգուշացումները՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ։
«Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը փորձառու մարդ է, անկեղծորեն ասել է, որ [ԵՄ ու ԵԱՏՄ-ն] անհամատեղելի են։ Դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են, մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման երկու տարբեր համակարգեր են: Դրանք չեն համընկնում», - պնդում է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Դրա հետ մեկտեղ Լավրովն ընդգծում է՝ ԵՄ հետ հարաբերությունների սերտացումը Երևանի իրավունքն է, պարզապես Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ կերպով հաշվարկեն իրենց քայլերի հետևանքները։
«Անկասկած, Հայաստանի լեգիտիմ ղեկավարության ինքնիշխան որոշումն է՝ սկսել որևէ դաշինքին միանալու գործընթացը, որտեղ իրենց սպասում են։ Բայց հարցի բոլոր դրական և բացասական կողմերը հաշվարկելը ևս Հայաստանի կառավարության, ղեկավարության, տնտեսական բլոկով զբաղվողների պատասխանատվությունն է», - պնդել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների մասին
Սերգեյ Լավրովն այսօր չշրջանցեց նաև Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները՝ կրկնելով Մոսկվայի այն տեսակետը, թե 2022-ի սեպտեմբերյան բախումներից հետո դաշինքը չէր կարող հստակ քաղաքական գնահատական տալ, քանի որ պարզ չէր, թե ինչ տեսք ունի հայ-ադրբեջանական սահմանը։
«Նախագահ Պուտինն այս թեմային բազմիցս վերադարձել է։ Դելիմիտացված սահման, առավելս ևս դրա դեմարկացիա երբեք չէր եղել։ Երեք կիլոմետր այս կողմ, երկու կիլոմետր այն կողմ։ Այո, այն ժամանակ այդտեղ փոխհրաձգություններ էին տեղի ունենում։ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը, որից հրաժարվելը ևս [Երևանի] ինքնիշխան իրավունքն էր, իմ համոզմամբ, շատ արդյունավետ կարող էր լինել։ Դրան զուգահեռ, սակայն, այնտեղ հրավիրվեց ԵՄ առաքելությունը։ Սկզբում այն հրավիրվել էր երկու ամսով, հետո հայերը միակողմանիորեն, առանց ադրբեջանցիների հետ խորհրդակցելու, փոխեցին սկզբնական պայմանավորվածությունը՝ առաքելության գործունեությունն անժամկետ դարձնելով։ Հետո միացավ նաև Կանադան, ինչն արդեն առաքելությանը ՆԱՏՕ-ի ներկայության բաղադրիչ հաղորդեց։ Մեր տեղեկություններով ԵՄ դիտորդները շատ դեպքերում զբաղվում են հարցերով, որոնք ոչ այնքան Հայաստանին են հետաքրքրում որքան տարատեսակ արևմտյան դաշինքներին», - հայտարարում էր Լավրովը։
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, ապա այս դեպքում ևս, ըստ Սերգեյ Լավրովի, Արևմուտքը փորձում է անհարկի միջամտել Երևանի և Բաքվի միջև ընթացող շփումներին։
«Այժմ ես լսել եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ կարծես թե պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հասկանալի է, որ մնացած երկու հարցերը պետք է լուծվեն, դրանք շրջանցել հնարավոր չէ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Եվ իսկույն ԵՄ, Եվրահանձնաժողովը սկսեցին հայտարարել՝ «մենք հիմա կգանք, կօգնենք ձեզ»։ Դա Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ որտե՞ղ ստորագրել այդ պայմանագիրը, ե՞րբ համաձայնեցնել դրա դրույթները։ Բայց Բրյուսելի, նաև Վաշինգտոնի ցանկությունն է ցույց տալ, թե իրենք են ամեն ինչ արել», - նշել է Լավրովը։
Եվ չնայած հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների «բարդ» բնույթին, Ռուսաստանի ԱԳ նախարարը այսօր հատուկ նշում էր՝ Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է։ Լավրովի խոսքով, ի դեպ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա է հրավիրվել և իր հայաստանցի պաշտոնակիցն այդ հրավերն արդեն ընդունել է։
Անդրադարձ ռուս-ադրբեջանական հարաբերություններին
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանք, ըստ Լավրովի «համակարգված բնույթ» ունեն։ Դա, ըստ ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի, թույլ է տալիս արագորեն և արդյունավետորեն քննարկել ամենաբարդ հարցերը։ Դրանց թվում Լավրովը հիշատակել է 2020 թվականին ռուսական ուղղաթիռի «սխալմամբ իրականացված խոցումը» ադրբեջանական կողմից և Բաքու-Գրոզնի օդանավի՝ անցած տարեվերջին տեղի ունեցած աղետը։
«Մենք գնահատեցինք այն, որ մեր ադրբեջանցի բարեկամները, հաշվի առնելով բոլոր գործոնները, անմիջապես պաշտպանեցին Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը օդանավի աղետի հետաքննությանը։ Բրազիլիայում հատուկ հանդիպում է տեղի ունեցել, բացվել են սև արկղերը։ Դրանց բովանդակությունն արդեն իսկ մեծ թվով հետաքրքիր տեղեկություններ է ի հայտ բերել։ Այդ տեղեկությունները ևս մեկ անգամ վկայում են, որ հարկավոր է սպասել լիարժեք հետաքննության», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։