Մատչելիության հղումներ

ԵՄ անդամակցության գործընթացին առնչվող որոշումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին. Միրզոյան


 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, 10 հունվարի, 2025թ.
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, 10 հունվարի, 2025թ.

Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին այսօր ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳՆ հաղորդմամբ՝ Միրզոյանը և Գրոնոն խոսել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Թե արդյոք Միրզոյանն ու Գրոնոն անդրադարձել են այս հարցին, չի հաղորդվում։

Նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարն ու ԵՄ պաշտոնյան, որ Երևան է ժամանել Բաքվից, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, եղած մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը:

Ադրբեջանական վերջին օրերի սպառնալիքների և հնարավոր ռազմական գործողությունների կանխատեսումների ֆոնին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ:

ԵՄ հատուկ ներկայացուցչին այսօր ընդունել է նաև ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրանք անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

XS
SM
MD
LG