Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան։
«Նա հրավերն ընդունել է, հուսով ենք այցը մոտ ժամանակներս տեղի կունենա», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Անդրադառնալով այսօր Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն հանդիպմանն ու ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ Լավրովն ասել է՝ կարևոր է, թե ինչ է բխում այդ փաստաթղթից։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ենթադրել է՝ Հայաստանից կպահանջեն միանալ պատժամիջոցներին «ինչպես, օրինակ, Սերբիայից են պահանջում»։
Հայկական կողմը նախօրեին հաղորդեց, որ հունվարի 14-ից 15-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Այսօր վաղ առավոտյան արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Փաստաթղթի ստորագրման մասին անցած շաբաթ հայտնել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Արտգործնախարարությունը, սակայն, ստորագրվելիք փաստաթղթից մանրամասներ չի հաղորդել։
ԵԱՏՄ անդամակցությունն «անհամատեղելի է» ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության հետ
Կառավարությունն անցած շաբաթ էլ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն։ Մոսկվան Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ է դիտարկում։
Լավրովն այսօր վերահաստատել է՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։
Հիշեցնելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է․ - «Երկու կառույցներն աշխատում են տարբեր սկզբունքներով, ազատ առևտրի տարբեր գոտիներ են»։
Հայաստանի լեգիտիմ իշխանության որոշումն է սկսել գործընթաց միանալու ցանկացած միջազգային կառույցի, որտեղ սպասում են իրենց, սակայն, Լավրովի խոսքով, կառավարության, իշխանությունների պատասխանատվությունն է կշռել բացասական ու դրական կողմերը։