Մատչելիության հղումներ

Երևանը Բաքվին տարածքային նկրտումների մեջ է կասկածում Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանության ֆոնին


Խաղաղություն հաստատելու շուրջ երկսուկես տարվա հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Երևանը խոսում է և՛ պայմանագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամության, և՛ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին պատասխանել է ադրբեջանցի իր պաշտոնակցին և հայտարարել՝ Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկը մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում է եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է էսկալացիայի լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար:

«Նման վերլուծությունների թիվն, ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը», - նշված է հայտարարությունում:

Արդյոք Բաքուն հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից, Երևանում հիմա այս հարցին պատասխանն են ակնկալում: Իսկ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում, թե Երևանը «ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում, փորձում մոլորեցնել միջազգային հանրությանը»: Բայց հնարավոր ռազմական էսկալացիայի մասին անցած շաբաթ Վարշավայում խոսել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում», - ասել է Միրզոյանը։

Համաձայնեցված տեքստով խաղաղության համաձայնագիր ստորագրելու Երևանի առաջարկը հետևողականորեն մերժելուց հետո Բաքուն օր օրի կոշտացնում է հռետորաբանությունը, պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր գլխավոր պահանջը, ավելացնում՝ նորերը:

Անգամ Հայասանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որ մայր օրենքի տեքստում որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ չկա, Ադրբեջանի մտահոգությունները չի փարատել, հակառակը՝ դժգոհ են դրա բովանդակությունից:

«Ընդգծվում է նախաբանի կարևորությունը որպես Սահմանադրության անբաժանելի մաս, որում հղում է կատարվում Հայաստանի Անկախության հռչակագրին, իսկ դրանում տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ: Մասնավորապես, դատարանի որոշման մեջ նախաբանը և, հետևաբար, Անկախության հռչակագիրը բնութագրվել են որպես «հայկական պետականության հիմնարար սկզբունքներ» և նշվել է, որ դրանք անփոփոխ դրույթներ են, ինչն է՛լ ավելի է մեծացնում ադրբեջանական տարածքների նկատմամբ Հայաստանի նկրտումները», - երկու օր առաջ հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի նրա պաշտոնակիցն այսօր հակադարձել է՝ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է, որ 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են Սահմանադրության մեջ:

«Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ», - նշել է ԱԳն խոսնակը:

Երևանն այսօր հերթական անգամ վերահաստատել է հավատարմությունը նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու պայմանավորվածությանը: Ադրբեջանից բանակցային գործընթացում առաջին անգամ հրապարակային ընդգծել են, թե դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը մասնավորապես ասել է. «Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում»:

Սա Բաքուն հայտարարում է այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը սահմանազատման կանոնակարգում Ալմա-Աթայի հռչակագրի հղումը համաձայնեցնելուց և այն ձեռքբերում համարելուց հետո վստահեցնում էր. «Ընդ որում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ահա այս Հայաստանի Հանրապետությունը։ Սա Խորհրդային Միության, Արծվաշենն այստեղ է, Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի Հանրապետության, ամեն դեպքում Արծվաշենն էլ ցույց տանք, Հայաստանի Հանրապետության իրավականորեն հիմնավորված, լեգիտիմ սահմանագիծն է։ Այսինքն` երբ ասում ենք Ալմաթիի հռչակագիր, նկատի ունենք սա»։

Այսօր արդեն արտգործնախարարությունից, պատասխանելով Ալմա-Աթայի հռչակագրի մասին Բաքվի մեկնաբանությանը նշել են, թե դա կարող է նշանակել՝ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Երևանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է քողարկել դա։

«Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են Խորհրդային Հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Մինչ Բաքուն հայտարարում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի երկրների սահմանների հետ, Երևանը հույս ունի, թե այդ հիմքով սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի օկուպացված տարածքներից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG