Մատչելիության հղումներ

Նուբար Աֆեյանը հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ, քննարկել Բաքվում պահվող հայերի հարցը


Ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը հանդիպել է Հայաստանի կառավարության անդամների հետ, քննարկել Ադրբեջանում բանտարկված հայերի հարցը։

«Այո, հանդիպել եմ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աֆեյանը՝ հանդիպումից մանրամասներ չփոխանցելով, նաև չհստակեցնելով, թե ովքեր են եղել հանդիպմանը և ինչ են քննարկել։

Կառավարության տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Աֆեյանն այս օրերին հանդիպել է փոխվարչապետի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ:

«Ինչ է հույսս և տպավորությունս, որ այս նյութը մնալու է իրենց էլ օրակարգի վրա՝ իբրև կարևոր նյութ: Վերջիվերջո ես կարծում եմ, որ խաղաղություն, որը հիմնված է արդարության վրա, միակորեն խաղաղությունն է, և Հայաստանի կառավարության ուզածը դա է: Ես չեմ [համարում], որ Հայաստանի կառավարությունն ուզում է անհիմն և շատ կարճ ժամանակով խաղաղություն: Ուրեմն, դեռ այդքանը միայն կարող եմ ասել», - հայտարարեց Աֆեյանը:

Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, ըստ իշխանականների, գերիների հարցը ներառված չէ, այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այն 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթն է, որում հստակ ամրագրված է գերիների վերադարձը, բայց անգամ այս դեպքում հարցը լուծում չի ստացել:

Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվածներից 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, այդ թվում՝ Նուբար Աֆեյանի ընկեր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որ չորս ամիս պաշտոնավարեց։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ մեղադրանքը է՛լ ավելի է խստացվել՝ ավելացել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հոդվածը։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, ևս 15 հայ գերի է պահվում:

«Ազատություն»-ը Աֆեյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարողացել է որևէ կերպ շփվել Ռուբեն Վարդանյանի հետ։ Ասաց, որ միակ աղբյուրը ընտանիքն է, որին շատ մանրամասներ Վարդանյանի պահման պայմաններից հայտնի չեն։

«Եվ այս խոսակցությունների ժամանակ սահմանափակ ձևով ինքը գոնե բացատրել է իրավիճակը և մտահոգությունները, որ ունի», - նշեց ամերիկահայ գործարարը:

Պատերազմող աշխարհը ցինիկ է դարձել է, կարծում է Աֆեյանը, շեշտելով՝ արդարությունը շահարկվում է հնարավոր բոլոր ձևերով։ Անգամ Արևմուտքը, նրա պնդմամբ, գիտի՝ որն է խաղաղության գինը. - «Որ լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի: Հուսով եմ, որ խաղաղություն կարող ենք ստեղծել, խաղաղության պայմանագիր կարող ենք ստեղծել էստեղ, բայց ևս վստահ եմ, որ Կառավարությունը էստեղ, ինչպես ինձ ասել են մի քանի անգամ, այնուհանդերձ այդ ասածներին, աշխատում են, որ մեր բանտարկյալները ազատվեն»:

Իր վերջին ասուլիսում Հայաստանի վարչապետը պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահին հարցրե՞լ է, թե ինչու Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին ազատ չեն արձակում, ինքն էր մի շարք հարցադրումներ արել՝ մասնավորապես՝ ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ։

«Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով», - ասել էր Փաշինյանը:

«Կարող եմ պատասխանել՝ ով է Ռուբեն Վարդանյանը», - այսօր հայտարարեց Նուբար Աֆեյանը: «Ազատության» հարցին, թե վարչապետի արտահայտությունները մտահոգություն չե՞ն առաջացնում, Աֆեյանը պատասխանեց, որ գուցե դրանք մեղադրանքներ չէին, այլ՝ կասկածներ՝ ուղղված Հյուսիսին։

«Ինձ համար աներևակայելի է՝ կասկածել իր նպատակները և իր բնավորությունը, աներևակայելի է: Բայց, ինչպես ասացի, եթե այդ միջոցով ուզում ենք ուղղել կասկածներ այլ երկրների և այլ ագենտների դեմ, շատ լավ, հասկանալի է, գիտեք, քաղաքական նյութերի մեջ, և ես այդպես եմ համարում իրապես: Եթե փաստեր կան, որ այդ ձևով կգնան, շատ պատրաստ եմ ես էլ հասկանալու, բայց ընդհանրապես կարծեմ դա քաղաքական հռետորաբանություն է»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական բանտում հարցաքննել են Արցախի նախկին պետնախարարին։ Նրա գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ Վարդանյան ասել էր, եթե վարչապետն ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք իրեն ուղղելու 2022 թվականի նոյեմբերին՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ։

«Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել այս նյութին: Ճիշտ է, որ պետք է մարդիկ կասկածեն՝ ի՞նչ են տարբեր ազգերի նպատակները, բայց ես կարող եմ ասել, որ Ռուբենը, գիտենալով, որ վտանգի մեջ է դնում, Արցախ գնաց, որ այդ ժողովրդին օգնի», - ընդգծեց Նուբար Աֆեյանը:

Հայաստանի իրավապաշտպանները բազմիցս են համոզմունք հայտնել, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ դատավարություններ:

Աֆեյանն այսօր ասաց, որ Հայաստանի կառավարությունից բացի նաև միջազգային հարթակներում են հայ գերիների մասին խոսում, նորից փակագծեր չբացելով ավելացրեց՝ երկու դեպքում էլ քննարկումները կարող են լինել արդյունավետ կամ ոչ արդյունավետ:

«Հրաշքին սպասելիս», - կես կատակ, կես լուրջ սաց ամերիկահայ միլիարդատերը՝ ընդգծելով՝ հայոց պատմության համար սա սովորական երևույթ է. - «Դժբախտաբար, անդադար հույսներս հրաշքի վրա ենք դնում, բայց այդ հրաշքի գաղափարը ինձ համար պարզապես հավատք է, որ [...] ըստ երևույթին աներևակայելին հասցնես իրականին»:

Նուբար Աֆեյանն այսօր Երևանում էր՝ ներկայացնելու իր և Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Հայաստան 2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերը: Հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10 հազար դոլար դրամաշնորհ՝ հայկական ժառանգության պահպանման, հայ համայնքների հզորացման համար: Սա շարունակությունն է դեռ 25 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի հետ ստեղծած «Հայաստան 2020» ծրագրի:

XS
SM
MD
LG