Մատչելիության հղումներ

«Պետք է վերականգնենք հավատը, պետք է անցնենք ապագայի կառուցմանը», - ասում է Նուբար Աֆեյանը


«Մենք հասկացանք, որ մեզ պետք է երկխոսությունը և նախագծերը կենտրոնացնել այն հարցի վրա, թե ինչ ապագա կարող է լինել։ Եվ այդպես ծնվեց «Ապագա Հայկականը» նախագիծը», - պատմում է ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Այսօր ես բացառիկ հնարավորություն ունեմ զրուցելու դոկտոր Նուբար Աֆեյանի հետ։ Պարոն Աֆեյանն առավել հայտնի է որպես Moderna բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր։ Պարոն Աֆեյանը, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է, նաև մեկնարկ է տվել նոր՝ «Ապագա Հայկականը» կոչվող նախաձեռնությանը։

Որքան ես եմ հասկանում, Դուք փորձում եք վերհանել այն մարտահրավերները, որոնց Հայաստանն առերեսվելու է ապագայում, և որոշել՝ ինչպես դիմակայել դրանց, ու դնել այն նպատակները, որոնք կարող են մեզ տանել դեպի շատ ավելի լավ Հայաստան: Կպատմե՞ք մեզ մի փոքր ավելին այս նախաձեռնության մասին։

Նուբար Աֆեյան. – Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Թույլ տվել սկսել՝ ասելով, որ Հայաստանում վերջին 20 տարվա մեր գործունեությունը, որը սկսվեց «Հայաստան-2020» ծրագրով, ի վերջո հանգեցրեց մի քանի լրացուցիչ ծրագրերի, որ իրականացրել ենք իմ գործընկեր Ռուբեն Վարդանյանի և այլոց հետ միասին։ Մենք ձևավորեցինք IDeA հիմնադրամը, հիմնադրեցինք UWC Դիլիջանի դպրոցը, ճոպանուղի, FAST («Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի համար») հիմնադրամը և մի քանի այլ ծրագրեր։ Դրանց թվում «Ավրորա»-ն մի ծրագիր էր, որ միջազգային բնույթ ուներ և ուղղված էր հումանիտար խնդիրների լուծմանը։ Ամենավերջին նախաձեռնությունը, որը Դուք հիշատակեցիք, ծագել է ոչ թե «Ավրորա»-ից», այլ ավելի ճիշտ այս 20 տարվա ճանապարհորդության շարունակությունն էր։

Մասնավորապես, մոտ մեկուկես տարի առաջ մենք սկսեցինք խոսել «Հայաստան-2041»-ի մասին։ Սա այն թվականն է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդառնա 50 տարեկան։ Մենք սկսեցինք մտածել ապագայի մասին, ինչպես անում էինք 20 տարի առաջ, թե որոնք են լինելու ապագայի ճանապարհները։ Երբ սկսեցինք, չէինք պատկերացնում, որ համավարակ կլինի, որ Արցախում պատերազմ կսկսվի, և անշուշտ չէինք սպասում, որ կլինեն այն քաղաքական հետևանքներն ու անկայունությունը, որոնք առկա են այսօր։ Այնպես որ, վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ Ռուբենը, ես ու իմ գործընկերներից մի քանիսը միացանք քննարկումներին, մենք հասկացանք, որ մեզ պետք է երկխոսությունը և նախագծերը կենտրոնացնել այն հարցի վրա, թե ինչ ապագա կարող է լինել։ Եվ այդպես ծնվեց «Ապագա Հայկականը» նախագիծը։

Դա բխում էր այդ պահի անհրաժեշտությունից և մեր այն գիտակցումից, որ թեև հայերի համար շատ ավելի հարմար է խոսել անցյալից, թեպետ դա հաճախ կարող է լինել ցավոտ, կամ մեր ներկայի մասին, որը էլի երբեմն ցավոտ է, մենք համարյա երբեք չենք խոսում մեր ապագայի մասին։ Եվ ցանկացանք ստեղծել մի կապուղի, մի համաժողով, որտեղ ապագան կարող է քննարկվել ոչ թե որպես իղձեր ու երազանքներ, այլ որպես կոնկրետ մտադրություններ, կոնկրետ ուղղություններ, կոնկրետ ընտրություններ: Հենց այդ մասին է «Ապագա Հայկականը» նախագիծը՝ ստեղծել հավաքական ռազմավարություն Հայաստանի և ողջ աշխարի հայերի ապագայի վերաբերյալ։ Որովհետև, կարծում եմ, այս երկուսը պետք է նախատեսված լինեն որպես մի ամբողջականության մաս։

«Ազատություն». – Մենք պատերազմում պարտվեցինք մեր հարևաններին (Ադրբեջանին և Թուրքիային), համավարակից հետո դուրս ենք գալիս առողջապահական ճգնաժամից, տնտեսությունն ազատ անկման մեջ է, քաղաքական ճգնաժամը սրվում է, և, ինչպես ասացիք, Դուք Հայաստանի ապագայի մասին նոր նախագիծ եք սկսում։ Ինչո՞ւ որոշեցիք բացահայտել Հայաստանի ապագայի խնդիրները, նպատակները և նպատակներին հասնելու ուղիները: Ինչո՞ւ չփորձեցիք Հայաստանը ներկայիս ճգնաժամից դուրս բերելու ծրագրով հանդես գալ:

Ինձ թվում է, որ Դուք և ոչ միայն Դուք, այլև Ռուբեն Վարդանյանը և մյուսները, խուսափում եք խոսել Հայաստանի ներկա իրավիճակի մասին: Դուք ունակ, տաղանդավոր մարդիկ եք, որոնք շատ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում: Ինչո՞ւ պարզապես մի բան չեք մտահղացել երկիրն այս՝ ներկայի սարսափելի ճգնաժամից դուրս բերելու համար։

Նուբար Աֆեյան. – Ես հասկանում եմ, թե ինչպիսին են տրամադրությունները։ Մենք բոլորս բավականին մտահոգված ենք ներկայիս իրավիճակի շուրջ, և շատ անհասկանալի է, թե ինչ ուղղությամբ է այս ամենը ընթանում։ Սակայն, կարծում եմ, կարևոր է, որ Դուք և բոլորը հասկանան, թե որոնք են խնդիրների տիրույթները, որոնց շուրջ տարբեր իրավիճակում առկա են տարբեր տեսակի խաղացողներ: Մենք քաղաքական սուբյեկտ չենք, մենք անհատներ ենք՝ մասնավոր անձինք, բարերարներ, գործարարներ, Սփյուռքում ապրող մարդիկ։ Որպեսզի մեր նախագիծը կարողանա օգնել իրավիճակի շտկմանը, հիմա անհրաժեշտ է պայմանավորվել, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ մի բան, որ մենք հիմնականում երբեք չենք ունեցել։ Մենք նաև գիտակցեցինք, որ ուղղակի ներկայումս ծրագրեր իրականացնելը, հուսալով, որ դա դրական արդյունք կունենա, երբ փաստորեն արմատական տարաձայնություններ կան այն առումով, թե ինչ երկիր ենք մենք ուզում կառուցել, մի տեսակ վատնված ջանք է դառնում։ Ե՛վ մենք, և՛ այլոք շատ առումներով վերջին 20 տարվա ընթացքում դրա փորձը ունենք։ Այնպես որ, այնտեղ, որտեղ մենք ենք գտնվում, որպես ընտրովի, քաղաքական պաշտոն չունեցող անձինք՝ մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք ներկայում, մեզ հավաքական կերպով տանի մի ապագայի, որի շուրջ մենք կարող ենք համաձայնել։ Եթե ուղղակի փորձենք շտկել ներկան, կմնանք նույն ճգնաժամի մեջ։ Կլինի ևս մեկ ճգնաժամ, հետո՝ ևս մեկը, որովհետև չկա մի ուղղություն, դեպի ուր մենք շարժվում ենք, մենք փաստորեն փորձում ենք ժամանակավոր վիրակապ դնել։

Փոփոխությունների նկատմամբ երկու մոտեցում կա։ Մեկը՝ երբ աշխատում ես ներկայի վրա, իսկ ապագան՝ ինչ լինի-լինի։ Մյուսը՝ երբ ավելի լավ ապագա ես ծրագրում, և այն ամենը, ինչ անում ես ներկայում, միտված է այդ ավելի լավ ապագային։ Իմ և շատերի փորձից կարող եմ ասել, որ վերջինը ավելի լավ եղանակ է, որպեսզի իսկապես դրական փոփոխություններ ունենաս։ Ոչ թե խաբուսիկ փոփոխություններ, որոնց մասին մարդիկ կարող են իրենց ճառերի մեջ ասել, այլ իրական փոփոխություններ։

Եթե չհամաձայնենք, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում, շատ դժվար կլինի համաձայնել այն հարցի շուրջ, թե ինչպես հասնել այնտեղ։

Այնպես որ, թեև ես հասկանում եմ ցավը, հասկանում եմ ճգնաժամն ու շփոթությունը, օգնության և աջակցության կարիքը, անկեղծ ասած, դա գործող կառավարության գործն է, դա օգնություն տրամադրող կազմակերպությունների գործն է։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հայերի գործը պետք է լինի որպես մի հավաքականություն իրենց ապագային տեր կանգնելը, մասնաբաժին ունենալը այն հարցում, թե դեպի ուր ենք շարժվում։ Ոչ թե միայն ասել՝ ո՞ւմ է հետաքրքրում, թե մենք որ ուղղությամբ ենք գնում, եկենք ուղղակի օրվա խնդիրները լուծենք, իսկ օրը կգա՝ բարին հետը։ Այս տարբերակն ուղղակի չի աշխատում։

«Ազատություն». - Դոկտոր Աֆեյան, այժմ երկրում քննարկում է տեղի ունենում այն մասին՝ կա՞ ապագա, թե՞ չկա: Կա նույնիսկ «Ապագա կա» կարգախոսը, և զարմանալիորեն շատերը թերահավատ են՝ դա անվանելով պետական քարոզչություն: Ի՞նչ եք ասելու միլիոնավոր հիասթափված մարդկանց, ովքեր մտածում են երկիրը լքելու մասին: Կարո՞ղ եք նրանց համոզել, որ մենք հեռանկարում ունենք եթե ոչ պայծառ, ապա գոնե ավելի լավ ապագա:

Նուբար Աֆեյան. - Դե, ես տեսել եմ քաղաքական կարգախոսները, տեսել եմ պաստառները: Ցավալի է, որ մարդիկ քննարկում են՝ կա՞ արդյոք ապագա, թե՞՝ ոչ: Իհարկե, կա՛ ապագա: Հարցը հետևյալն է. արդյո՞ք դա մե՛ր ապագան է, արդյո՞ք դա մեր գրած ապագան է, թե՞ ապագա է, որ այլ մարդիկ են գրել մեզ համար: Եվ հարցն այն չէ, թե կա՞ ապագա: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք ապրելու ենք այն ապագայում, որ ուզում ենք: Եվ ինձ թվում է՝ հենց դա է նշանակում ընտրություն։ Առաջնորդությունը հենց դրա մասին է: Դա մեր ուզած ապագան առաջարկելն է: Եվ դա անելու համար դուք պետք է ներկայացնեք ապագայի վերաբերյալ կոնկրետ գաղափարներ և ստանաք քաղաքական աջակցություն, ժողովրդական աջակցություն, և, ըստ իս, բոլոր հայերի աջակցությունը:

Դա բոլորովին բացակայում է Հայաստանի զարգացման տեսլականում: Ուշադրություն է դարձվում «այստեղ և հիմա»-ի վրա, բայց ոչ՝ ուր ենք գնում և ինչպես է դա ազդում աշխարհի հայերի վրա: Եթե մենք ուզում ենք իրական ներդրումներ, կայուն ներդրումներ և սփյուռքահայերի մասնակցություն, ապա պետք է նրանց ձայն տանք այն հարցում, թե ինչպիսին է այդ ապագան:

Ես տեղյակ եմ, որ երկրում շատ մարդիկ կան, ովքեր քննադատել են այն գաղափարը, որ Սփյուռքը պետք է հոգ տանի Հայաստանի ապագայի մասին և պետք է ձայն ունենա Հայաստանի ապագային վերաբերող հարցերում: Ես, Ռուբենը, մեր շատ այլ գործընկերներ այն մարդիկ ենք, ովքեր գտնվում են դրա հակառակ ճամբարում, որովհետև եթե մենք սփյուռքահայերին ասելու ենք՝ «եկեք մեզ տվեք ձեր փորձը, ձեր փողերը, ձեր աջակցությունը, ձեր երեխաներին, ովքեր գուցե ցանկանան տեղափոխվել այստեղ, բայց հետո դուք իրավունք չունեք ասելու, թե դեպի որ ապագան են գնում հայերը», դա չի աշխատի։

Ձեր հարցը, թե ինչ կարող եմ ասել հիասթափված հայերին... Ես կասեի պարզապես՝ այն ճանապարհը, որով մենք անցել ենք որպես ցեղասպանություն վերապրածներ, երկրաշարժը վերապրածներ, Խորհրդային Միության փլուզումը վերապրածներ, երբ մենք կորցրեցինք մեր ՀՆԱ-ի մի մեծ բաժինը, ու դրանից հետո էլ անընդհատ ոտքի կանգնեցինք ու փորձեցինք ավելի ու ավելի լավը դառնալ, ավելի ու ավելի համապատասխան այս տարածաշրջանին, աշխարհին, մենք երկար ճանապարհ ունեինք անցնելու: Ես կասեի, որ եթե մենք դատենք, թե ինչ հաջողություններ ունենք այս ճանապարհին այս շաբաթ, այս ամիս, այս տարի, ապա դա գործնական միջոց չէ երկրի զարգացումը դիտելու համար: Երկրի զարգացումը տևում է տարիներ, տասնամյակներ: Մենք այս ճանապարհի մի մասն ենք անցել՝ 30 տարի: Մենք հետընթաց ունեցանք: Այս տարին դժվար էր ողջ աշխարհի համար: Հատկապես դժվար էր հայերի համար: Բայց ի վերջո մենք պետք է ասենք՝ կարո՞ղ ենք երաշխավորել, որ ավելի լավ ապագա կգա: Դա ինձնից կախված չէ, դա կախված չէ որևէ այլ անհատից: Դա կախված է հավաքական մտքից, Հայաստանում տարբեր տիպի մարդկանց հավաքական աշխատանքից, տարբեր տեսակի կրթությունից, տարբեր տեսակի աշխատանքներից, տարբեր տեսակի փորձերից: Եթե մենք կարողանանք այդ ամենը հավաքել միասին և քննարկել ու պայմանավորվել, թե ուր պետք է միասին գնանք, ապա կարծում եմ՝ մենք ունենք ավելի պայծառ ապագա: Ես կասեի, որ մենք այսօր մեծ հաշվով դա չենք անում, այդ իսկ պատճառով ապագան անորոշ է, և անորոշ ապագան հաճախ մութ է թվում:

Նախկինում ես ասել եմ՝ համարում եմ երկիրը զարգացնելը, երկիրը վերափոխելուն օգնելը արտագաղթի նման մի բան: Նա, ով այլ երկիր է արտագաղթում, մտածում է, որ այնտեղ ավելի լավ ապագա կա: Բայց եթե մտածեք, որ ձեր սեփական երկրում ավելի լավ ապագա կա, ապա դուք կարտագաղթեք դեպի այդ ավելի լավ ապագան, և ոչ թե այլ երկիր։ Բայց դրա համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, համակարգում, մեծ հավատ է պետք, որ նման բան հնարավոր է, բայց, ցավոք, քաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը սասանել են մարդկանց հավատը:

Մենք պետք է վերականգնենք հավատը, մենք պետք է անցնենք ապագայի կառուցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG