Մատչելիության հղումներ

Նուբար Աֆեյանը՝ BBC-ին. Ռուբեն Վարդանյանին Բաքվի առաջադրած մեղադրանքներն անհիմն են


Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյան, արխիվ
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյան, արխիվ

«Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի երեք տասնամյակ տևած կառավարմանը։ 120 հազար հայերի ճնշող մեծամասնությունը գաղթեց Հայաստան». - այսպես է սկսում BBC-ի հաղորդավար Նուալա ՄըքԳովերնն իր հարցազրույցը Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ։

Հայտնի ամերիկահայ ձեռնարկատերն Արցախի նախկին պետնախարար, գործարար, այժմ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկերներից է։

Հաղորդավարը նշում է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասերներ կոչ են արել անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Բաց նամակը ստորագրողների թվում է նաև Աֆեյանը։

Ամերիկահայ գործարարը պատասխանելով հաղորդավարի հարցին հայտարարում է, որ Վարդանյանի մեղադրանքներն անհիմն են։

«Օրինակ, նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել», - ընդգծում է Աֆեյանը:

«Մասնավորապես, նրանք խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին», - հարցնում է ՄըքԳովերնը:

«Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են», - պատասխանում է Աֆեյանը:

Բաքուն Վարդանյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջին, երբ նա փորձում էր Հայաստան գալ: Նախկին պաշտոնյան մեղադրվում է ահաբեկչության ֆինասնավորման, զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։ Բաքվում են նաև Արցախի նախկին երեք նախագահներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում։ Անցած շաբաթ Բաքուն ազատ արձակեց 32 հայ գերիներին, որոնց մեծ մասը Արցախի Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններն էին։ Սա Երևանի ու Բաքվի միջև ձեռ քբերված պայմանավորվածության արդյունք էր։

BBC-ի ռադիոհաղորդմանը Բաքվի տեսակետները ներկայացնում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույցի ընթացքում իր հերթին պնդել է, թե Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրավական գործընթաց է ընթանում։

«Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել և ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ, իսկ այդ գործողությունների հետևում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս բաց նամակը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը», - ասում է Ալիևի օգնականը:

Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Հաջիևը դա կտրականապես հերքում է։ Պնդում է, թե Ադրբեջանը որևէ ուժային գործողություն չի իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ: Այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին։

«Ադրբեջանն ուժ չի կիրառել որևէ մեկի նկատմամբ։ Մենք ռադիո, հեռուստաալիքների միջոցով և այլ լրատվամիջոցներով բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք, ամեն ինչ կանենք՝ ապահովելու մեր ամբողջ քաղաքացիական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», - վստահեցնում է Ալիևի օգնականը:

BBC-ի լրագրողը նկատում է՝ մի կողմից հայկական կողմին են մեղադրում, մյուս կողմից՝ խոսում խաղաղության մասին, ինչպե՞ս է դա հնարավոր։ Ադրբեջանցի պաշտոնյան ասում է, թե իրենք չեն կարող փակել աչքերն անցյալում տեղի ունեցածի վրա։ Միևնույն ժամանակ, Հաջիևը շեշտում է, թե վերջին երեք ամիսները երկու երկրների համար պատմության ամենախաղաղ ժամանակներն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG