Մատչելիության հղումներ

ՌԴ-ը «աստիճանաբար դուրս է մղում» ուկրաինական զորքին Կուրսկից՝ սաստկացնելով հարձակումները Դոնբասում. Պուտին


Ռուսաստանը «աստիճանաբար դուրս է մղում» ուկրաինական զորքին Կուրսկի մարզից, զուգահեռաբար սաստկացնելով հարձակումները Դոնբասում, ուկրաինական զինված ուժերի Ռուսաստանի տարածք ներխուժելուց շուրջ մեկ ամիս անց հայտարարում է Կրեմլի ղեկավարը:

«Հակառակորդի նպատակն էր մեզ նյարդայնացնել, և ստիպել զորքեր տեղափոխել մի տարածքից մյուսը։ Ուկրաինայի զինված ուժերը հույս ունեին դադարեցնել հարձակումը Դոնբասում, սակայն թշնամին ձախողվեց», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ ռուսական բանակը ոչ միայն չի նահանջել Դոնբասում, այլև իր առաջխաղացմամբ սպառնում է ոչնչացնել ուկրաինական ճակատն ու չեզոքացնել Ուկրաինայի բանակի մարտունակությունը։

Կիևը հաստատում է՝ իրադրությունը Դոնբասում իսկապես շարունակում է լարված մնալ: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ամենաթեժ մարտերը Կուրախովոյե և Պոկրովսկոյե ուղղություններով են:

Forbes -ն ավելի վաղ գրել էր, որ այս հատվածում ուկրաինական ստորաբաժանումները կարող են հայտնվել շրջափակման մեջ։

Ռուսաստանի տարածքում այս պահին էլ մարտերը շարունակվում են

Չնայած Ռուսաստանի նախագահի հավաստիացնումներին, թե Կուրսկի մարզում իրավիճակը կայունանում է, մի հայտարարություն, որը պաշտոնական Մոսկվան հնչեցնում է ուկրաինական զորքի ներխուժումից ի վեր, այդուհանդերձ, Ռուսաստանի տարածքում այս պահին էլ մարտերը շարունակվում են և հստակ չէ՝ որքանով է կրճատվել ուկրաինական զորքի թիվը Կուրսկում ու որ տարածքներից են դուրս մղվել։

Հայտնի է, որ ուկրաինական կողմը 30 օրվա ընթացքում ավելի շատ տարածք է գրավել սահմանակից ռուսաստանյան մարզում, քան ռուսները նույն ժամանակահատվածում Դոնեցկի ուղղությամբ։

Միաժամանակ Կուրսկի իրադարձությունների համատեքստում Մոսկվայի մտահոգությունները սրվել են մարզում գտնվող ռուսաստանյան խոշորագույն էներգետիկ կառույցներից մեկի՝ Կուրչատովի անվան ատոմակայանի պատճառով, որը տեղակայված է Կուրսկ քաղաքից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա՝ Սեյմ գետի ափին: Մոսկվան շարունակաբար պնդում է, թե Կիևը պարբերաբար թիրախավորում է ատոմակայանի տարածքը, ուկրաինական կողմը, սակայն, կտրականապես հերքում է՝ հայտարարելով, որ կառույցը գրավելու որևէ մտադրություն չունի:

Այսօր նույն մեղադրանքները Կրեմլի ղեկավարն է հնչեցրել և ուղիղ սպառնացել. - «Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի Եվրոպայի այս հատվածի հետ, եթե մենք հայելային կերպով արձագանքենք»:

Մինչ այդ rուսական կողմն արդեն գործի է դրել իր զինանոցի ամենամահաբեր զենքերը՝ հարվածներ հասցնելով ուկրաինական բնակավայրերին: ռուսական ագրեսիայի զոհերի հիշատակին Պոլտավայում եռօրյա սուգ է։

Երկու օր առաջ ռուսական ուժերի արձակած բալիստիկ հրթիռներն ավելի քան հինգ տասնյակ մարդու կյանք են խլել, հաղորդվել է շուրջ 300 վիրավորի մասին:

Կրեմլի ղեկավարը խաղաղությունից է խոսում

Վերջին օրերի ռուսական զինուժի արյունալի հարվածներին զուգահեռ Կրեմլի ղեկավարը խաղաղությունից է խոսում՝ հավաստիացնելով, թե Մոսկվան պատրաստ է խաղաղ բանակցությունների, ընդ որում՝ ստամբուլյան բանակցությունների օրակարգով։

2022 թվականին թուրքական կողմի նախաձեռնած բանակցային այս ձևաչափում Ռուսաստանի բանագնացների օրակարգում Ուկրաինայի չորս մարզերից՝ Դոնեցկի, Լուգանսկից, Խերսոնից և Զապորոժիեից ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջը չկար։ Այդ նախապայմանը ներկայացվեց ավելի ուշ՝ այս տարվա ապրիլին՝ դառնալով ռազմական գործողությունների դադարեցման դիմաց Մոսկվայի թիվ մեկ նախապայմաններից մեկը։

Ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակները դեռևս չեն մեկնաբանել Պուտինի նոր առաջարկը, և հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանի տարածքում մեկ ամիս առաջ հաստատված ուկրաինական բանակը ստիպե՞լ է Մոսկվային վերանայել հարևան երկրի նկատմամբ տարածքային հավակնությունները։

Կիևն էլ իր հերթին է երկխոսելու ցանկության մասին ակնարկում՝ հայտարարելով, որ մտադիր են խաղաղության երկրորդ գագաթնաժողովին նաև Ռուսաստանին հրավիրել։

Նախորդ՝ հունիսին կայացած հավաքին, որին աշխարհի ութ տասնյակ երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում, ուկրաինական կողմը մերժել էր Ռուսներին հրավիրելու գաղափարը՝ պնդելով, որ նախ պետք է գտնել Ուկրաինայում «խաղաղության բանաձևը», որը հիմնված կլինի Կիևի պատկերացումների վրա, որից հետո հավաքի մասնակիցները կսկսեն ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ պայմաններն ընդունելու համար։

Նախագահ Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի ավարտի մասին Կիևը գործընկերների հետ մանրամասն ծրագիր է նախապատրաստում։

XS
SM
MD
LG