Մատչելիության հղումներ

Կիևը համաձայն է, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչները ևս ներկա լինեն


Կիևը մտադիր է խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել նոյեմբերին և համաձայն է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները ևս ներկա լինեն՝ Միացյալ Նահանգներից վերադառնալով Կիև, այսօր ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Ես խնդիր եմ դրել, որպեսզի նոյեմբերին մենք ունենանք լիովին պատրաստ պլան. Կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք այն նախատեսվածից շուտ անցկացնել: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն երկրորդ գագաթնաժողովին», - նշել է նախագահ Զելենսկին:

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումներից հետո Վլադիմիր Զելենսկին պնդել է՝ որքան շուտ անցկացվի այդ գագաթնաժողովը, այնքան լավ, բայց մինչ այդ Ուկրաինան պետք է Խաղաղության իր տեսլականը մշակի։

Անցած ամիս Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովում մասնակից մոտ հարյուր երկրները քննարկեցին մինչ այդ Կիևի առաջադրած 10 կետերից երեքը՝ միջուկային, պարենային անվտանգության և գերեվարված զինվորներին ու երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ։ Ռուսաստանն այդ հավաքին հրավիրված չէր։

Մինչ այդ Մոսկվան բազմիցս է ասել, թե պատրաստ է բանակցությունների, սակայն իր պայմաններով, ըստ որոնց Ուկրաինան պետք է հրաժարվի եվրոատլանտյան կառույցներին անդամակցելուց:

Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, որ Կիևը ուզում է խաղաղության երկրորդ համաժողովն անցկացնել Միացյալ Նահանգների նախագահի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ. այսօր էլ, խոսելով այդ մասին, Զելենսկին ասել է, թե պատրաստ է համագործակցել նաև հանրապետական Դոնալդ Թրամփի հետ, եթե նա հաղթի։

«Անկախ ընտրության արդյունքներից՝ Ուկրաինաին արդեն կնքել է Միացյալ Նահանգների հետ անվտանգության երկկողմ պայմանագիր, -ասել է Վլադիմիր Զելենսկին և նշել, - եթե պարոն Դոնալդ Թրամփը նախագահ դառնա, մենք կաշխատենք։ Ես չեմ վախենում դրանից»:

Թրամփը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն մինչ օրս չի բացահայտել՝ ինչպես և ինչ գնով։

Իրավիճակը ռազմադաշտում լարված է ուկրաինական կողմի համար

Մինչ այդ պատերազմը ակտիվ շարունակվում է, իրավիճակը ռազմադաշտում բավական լարված է ուկրաինական կողմի համար.ռուսները հայտարարում են, թե ևս մեկ գյուղ են գրավել Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկի Ուրոժայնոեն։ Ուկրաինացի ռազմական բլոգերները հաստատում են տեղեկությունը, Կիևի պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել։

Զապորոժիեից քիչ հեռու գտնվող փոքրիկ այս բնակավայրը 1200 կիլոմետրանոց ճակատային գծի այն մի քանի վայրերից էր, որտեղ ուկրաինական ուժերը դժվարանում են ռուսական առաջխաղացմանը դիմակայել։ Ներկայում ամենակատաղի մարտերը տեղի են ունենում նախկին հանքարդյունաբերական Դոնեցկի հյուսիսում Տորեցկի և Չասիվ Յարի մոտ:

Հրետակոծության հետևանք Տորեցկում
Հրետակոծության հետևանք Տորեցկում

Անցած գիշեր ռուսական հարվածի տակ էր նաև Խերսոնի մարզը. հրթիռներից մեկը ընկել է բնակելի շենքի բակում, զոհվել է երկու կին։

Անցած շաբաթ ռուսական զինուժը ուժգին հարված էր հասցրել նաև մայրաքաղաք Կիևին, թիրախավորվել էր մանկական հիվանդանոցը, տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ էին զոհվել:

«Մենք կռվում ենք սարսափելի թշնամու դեմ», - ասել է նախագահ Զելենսկին պետականության օրվա առիթով տարածած ուղերձում:

«Այդ թշնամուն չի կարելի մարդ անվանել, և նա անսահման հեռու է իսկական քրիստոնեությունից: Նա մահ է բերում, և մենք պետք է հաղթենք այդ չարիքին, և մենք դա կանենք: Այստեղ միշտ Ուկրաինա է լինելու», - ընդգծել է նա:

Այսօր Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է նաև, թե շուտով ուկրաինական ավիացիան կհամալրվի ամերիկյան F16-ներով։ Առաջին խմբաքանակը կգա այս ամռանը, մյուսը՝ մինչև տարեվերջ, թե կոնկրետ քանի հատ, Զելենսկին չի բացահայտել, բայց ընդգծել է՝ քիչ է. - «Դա, իհարկե, մեզ կուժեղացնի․ բայց արդյոք բավարար կլինի՝ ռուսական օդուժի մակարդակով կռվելու համար, կարծում եմ, ոչ։ Մենք ավելի մեծ խմբաքանակ ենք ակնկալում»:

Զուգահեռ Կիևը մեծացել է մոբիլիզացիայի տեմպերը՝ բանակում ոչ միայն զենքի, այլև մարդուժի պակաս կա։ Այսօր հաղորդվեց, որ Օդեսայում իրավապահները մեկ տղամարդու են գնդակահարել, որը փորձել է հատել սահմանն ու անցնել Մոլդովա։ Քննչական ծառայության հաղորդմամբ, չորս ուկրաինացի զինծառայողներ փորձել են խուսափել ծառայությունից, և երբ իրավապահները նրանց հայտնաբերել են, փախուստի դիմած անձանցից մեկը հարձակվել է սահմանապահի վրա, վերջինս էլ կրակ է բացել ինքնապաշտպանության նպատակներով։

Նույն օրը հաղորդվեց, որ Մոլդովայի սահմանի մեկ այլ հատվածում էլ 27 տղամարդ է ձերբակալվել, կրկին՝ ծառայությունից խուսափելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG