Սա ռուսների ամենամեծ հարվածն էր պատերազմի մեկնարկից ի վեր. Զելենսկի
Այսօր առավոտյան ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևին ու մյուս քաղաքներին, կա առնվազն հինգ զոհ և քսան վիրավոր։ Կիևը զրկվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումից։
«Սա ռուսների ամենամեծ հարվածն էր պատերազմի մեկնարկից ի վեր», - հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինական քաղաքների վրա այսօրվա հարձակման ժամանակ արձակվել են տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռ և մոտ հարյուր «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր», - ասել է նա։
Պայթյուններ են լսվել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Կիևի, Լվովի, Օդեսայի, Խմելնիցկիի և մի շարք այլ մարզերում`ստիպելով բնակիչներին ժամեր շարունակ թաքնվել պատսպարաններում կամ մետրոյում։
Ռուսաստանը կատարվածի համար պատասխան կտա, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յերմակը. - «Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների, նրանց ենթակառուցվածքների համար»։
Մոսկվան պատասխան է խոստանում Կուրսկի համար
Մոսկվան էլ իր հերթին է սպառնում պատասխան հարվածներով։ Այսօր արձակուրդից վերադարձած Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ակնարկել է, թե ռուսական կողմը դեռ արձագանք կտա Կուրսկին, որտեղ չորրորդ շաբաթն է՝ ուկրաինական բանակը հարձակվել ու վերահսկողության տակ է պահում մի քանի տասնյակ ռուսական բնակավայրեր։
Այս գիշեր պայթյուններ են հնչել Ռուսաստանի տարածքում, ընդ որում ռուս-ուկրաինական սահմանից 700 կիլոմետր հեռու՝ Սարատով և Էնգելս քաղաքներում, կան վիրավորներ։
Ռազմի դաշտում էլ իրավիճակը մնում է լարված, ինտենսիվ մարտեր են նաև արևելյան ճակատում՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում և ռուսական ճակատում՝ Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական բանակը, նախագահ Զելենսկիի խոսքով, կրկին առաջ է գնացել՝ 1-ից 3 կիլոմետր։
«Վերահսկողության տակ է վերցվել ևս երկու բնակավայր։ Ակտիվ գործողությունները շարունակվում են ևս մեկ բնակավայրի համար», - պնդել է նա։
Հանգիստ չէ Ուկրաինային սահմանակից մեկ այլ մարզում. Բելգորոդի մարզի իշխանությունները որոշել են փակել ևս երեք սահմանամերձ գյուղերի մուտք։ Մարզի նահանգապետի խոսքով՝ իրավիճակը «վատթարանալու միտում ունի»։ Ընդհանուր առմամբ Բելգորոդի մարզում շուրջ 30 բնակավայր փակ է ու դատարկված։
Ռուսներն էլ ակտիվ գրոհներով արագ առաջ են գնում Դոնեցկի մարզում՝ մոտենալով Պոկրովսկ և Միրգորոդ քաղաքներին, որտեղից արդեն մեկ շաբաթ է՝ իշխանությունները տարհանում են բնակիչներին։
ԱՄՆ-ն չի հավատում, որ վերջնական կարմիր գիծը հաջողությամբ հատվել է. FT
Արևմտյան մամուլը վերջին շաբաթներին նկատում էր, թե հակառակ ուկրաինական կողմի ակնկալիքների՝ ռուսները զգալի ուժեր չեն տեղափոխել Դոնեցկի ճակատից Կուրսկի մարզ։
Financial Times-ն այսօր գրել է, թե հատելով Ռուսաստանի սահմանը՝ Կիևը հատել է նաև Վաշինգտոնի սահմանած կարմիր գծերը։ Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի ամենամեծ մտահոգությունը Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունն է, իսկ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա կարող է հրահրել այդ սցենարը։
«ԱՄՆ-ն չի հավատում, որ վերջնական կարմիր գիծը հաջողությամբ հատվել է: Բայդենի խորհրդականները շարունակում են հավատալ, որ եթե Պուտինը հասկանա, որ իր ռեժիմը լիակատար պարտության եզրին է, նա կարող է դիմել միջուկային զենքի օգտագործմանը:
Երբ ուկրաինացիները բողոքում են, որ իրենց դաշնակիցները վախենում են ուկրաինացիների հաղթանակի գաղափարից, նրանք իրավացի են»,- նշում է հոդվածի հեղինակը։
Գրոսսին կայցելի Կուրսկի ատոմակայան
Միջուկային սպառնալիքը կրկին պատերազմի օրակարգ է եկել այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը մտել է Կուրսկի մարզ։
Այսօր մարտեր են ընթանում Կուրսկի ատոմակայանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Անցած օրերին ռուսները հայտարարել էին, թե ուկրաինական դրոն են խոցել անմիջապես ատոմակայանի տարածքում։ Այս ֆոնին ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղն այցելելու է Կուրսկի ատոմակայան։
«Հաշվի առնելով լուրջ իրավիճակը՝ ես անձամբ եմ ղեկավարում ԱԷՄԳ-ի վաղվա առաքելությունը Ռուսաստանի Կուրսկի ատոմակայանում», - X-ում գրել է Գրոսսին։