Արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց նախկին դիվանագետների մշակած փաստաթուղթը՝ նախ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։
Նախորդ հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ գլխավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և այլ դիվանագետներին խնդրել էր ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների համակարգ։
Հրապարակի ամբիոնից հայտարարվեց, որ մոտ երեք տասնյակ նախկին դիվանագետների փաստաթղթով առաջարկվում է դադարեցնել սահմանազատումն ու սահմանագծումը, որի հիմքում դրված է Ալմա-Աթայի հռչակագիրը, քանի որ այն չի պարունակում սահմանային նկարագիր, միայն տարածքային պահանջներ չունենալու հարց ունի։
«Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը», - ընթերցեց Վահագն Մելիքյանը։
Նա հայտարարեց, որ պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Նա շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման համար առաջին հերթին անհրաժեշտ է միջպետական համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ վավերացրած խորհրդարանների կողմից։
«Եթե այդ գործընթացի ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացն անօրինական է և հակասահմանադրական», - հայտարարեց Մելիքյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ անդրադարձել էր հնարավոր առաջարկներին։
«Ջանքը, առաջարկներ ներկայացնելը կառավարությանը ես լավ եմ գնահատում, դա ավելի լավ է առնվազն, քան կառավարությանն ուլտիմատում ներկայացնելն ու դրանից մի քանի օր հետո միայն ինչ-որ ծրագիր կազմելու գործընթաց սկսելու մասին խոսելը, բայց չեմ կարծում, թե Վարդան Օսկանյանը որևէ նոր բան ունի տալու Հայաստանի դիվանագիտությանը», - ասել է ՔՊ փոխնախագահը։
Շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։ Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։