Մատչելիության հղումներ

ԱԺԲ-ի անդամները հանդիպում են ունեցել Բագրատ սրբազանի հետ. Բևեռի խորհուրդ


Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը մայիսի 11-ին հանդիպում են ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, հայտնում են Բևեռից։

Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքի և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Շարժումը հանդիպման մասին չի հաղորդել։

Բևեռը ավելի վաղ տարբեր ակցիաներ է իրականացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած այլ քաղաքացիներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն մայրաքաղաքում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցմանը, հրապարակում կարմիր թելով անցնում էր նաև վարչապետի հրաժարականի պահանջը։

Բագրատ սրբազանը ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում անհնազանդության ակցիաներ են սկսելու։ Դրանք երեկ ամբողջ օրը ընթանում էին, իսկ երեկոյան հանրահավաք էր։ Այսօր հանրահավաք նախատեսված չէ, սակայն անհնազանդության ակցիաները շարունակվում են։

Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է, երեկ «Ազատության»-ը փոխանցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։

Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են որպես «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG