13։44
Բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի, փոխանցում են ՆԳՆ լրատվականից։
12։55
41 բերման ենթարկված
Երևանում ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար։
11։57
Բերման ենթարկվածներ նաև Գայի պողոտայից
Քաղաքացիները փակել են նաև Գայի պողոտան: Ոստիկանները հորդորեցին ճանապարհը բացել՝ դուրս գալ երթևեկելի հատվածից, ապա կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել այն փակած մարդկանց:
11։21
Անհնազանդության ակցիաներ՝ տարբեր հատվածներում
Անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները փակել են Ազատության պողոտան։
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Ավելի վաղ փակ էր նաև Տիգրան Մեծի պողոտան։
Երեկ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ։
Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած այլ քաղաքացիները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն մայրաքաղաքում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցմանը, հրապարակում կարմիր թելով անցնում էր նաև վարչապետի հրաժարականի պահանջ։
Բագրատ սրբազանը ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում անհնազանդության ակցիաներ են սկսելու։ Դրանք երեկ ամբողջ օրը ընթանում էին, իսկ երեկոյան հանրահավաք էր։ Այսօր հանրահավաք նախատեսված չէ։
Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է, երեկ «Ազատության»-ը փոխանցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։
Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են որպես «զուրկ քաղաքական բովանդակությունից»։