Մատչելիության հղումներ

«Առավոտ ժամը 10-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու»․ Բագրատ սրբազան


Բագրատ սրբազանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երևան, 9-ը մայիսի, 2024թ.
Բագրատ սրբազանը ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, Երևան, 9-ը մայիսի, 2024թ.

22:17

Ո՞վ է շարժման վարչապետի թեկնածուն. ըստ սրբազանի, նման հարց չկա հիմա.

22:15

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է:

21:45

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Մի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ։ Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նախնական տվյալներով վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար։

Տուժածներ չկան»:

Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը ոստիկանների ուշադրությունն էր հրավիրել մի բեռնատարի վրա, որի վարորդը, ըստ նրա, մեքենան վարել էր մարդկանց ուղղությամբ:

21։25

«Ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական բովանդակության զուրկ գործընթաց է նախաձեռնել», - հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ «Ազատության» հետ զրույցում գնահատելով վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ «Քաղաքացիական պայմանագրից» միանան այս նախաձեռնությանը, իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Դա նույնիսկ արդեն ծիծաղելի լինելու սահմանն է հատում, իհարկե, բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի»:

21։07

«Վստահ ասում եմ՝ մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր ամենաշատը, առավել ժամանակ չկա, որքան օրինական ճանապարհը ժամանակ պահանջելու է, այդպես էլ լինելու է, խոստանում եմ ձեզ ոչ մի ամիս, ոչ երկու ամիս, ոչ հինգ ամիս, կոնկրետ գործողությունները կանենք, կոնկրետ արդյունքներն էլ կստանանք, բայց պետք է միասին անենք», - նշեց Բագրատ սրբազանը։

21։00

«Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը․ - «Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու»։

20։57

Բագրատ սրբազանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների հետ գնաց հյուրանոցներից մեկը՝ քննարկում ունենալու:

Նրա կողքին էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներից Արմեն Ռուստամյանը, Ասպրամ Կրպեյանը, Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը: Կարճ ժամանակ անց նրանք դուրս եկան հյուրանոցից:

Լրագրողների հարցին՝ ընդդիմության քվեները բավարար չեն, կհանդիպի՞ իշխանական պատգամավորների հետ, Բագրատ սրբազանը պատասխանեց․ - «Ես սիրով կհանդիպեմ, կխորհրդակցեմ»: Նա նշեց, որ 20 ձայն է պակասում։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

20:20

Թեև վարչապետի հրաժարականի պահանջին ուղիղ արձագանք դեռ չկա, բայց իշխող ուժի ներկայացուցիչները ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում, որտեղ տեղադրում են վարչապետի լուսանկարը և գրում՝ «Մեր պատասխանը Բագրատին․ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, 9-ը մայիսի, 2024թ․
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, 9-ը մայիսի, 2024թ․
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառումը ՖԲ-ում
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառումը ՖԲ-ում

20։15

«Ես գիշերն էստեղ եմ մնալու, ահագին մարդ կա խոսելու հետները», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը։ Նա կոչ արեց հանրահավաքին ներկա պատգամավորներին հավաքվել մի վայրում ու իր հետ միասին խորհրդակցել։

20։08

«Քանի որ չի արձագանքել, արհամարհել է, ձեզ դուրս է դրել իր կյանքից՝ նրանց, ովքեր իրեն ընտրել են, իսկ այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն է նաև Սփյուռքի, ուրեմն կստիպենք իրեն դա անել», - հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ շարունակելով․ - «Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք երեք խմբակցությունների հետ ԱԺ-ի»։

Նա նաև նշեց՝ եթե արձագանք չլինի, խաղաղ անհնազանդության գործողություններ կլինեն։

20։01

Ազգային ժողովի ճաղերի երկայնքով հատուկ ջոկատայինները պատ են կազմել։

19։51

Բագրատ Սրբազանը երկարացրեց հայտարարված վերջնաժամկետը 15 րոպեով:

19։17

Ամենակարևոր կետերը տեսանյութի տակ, թարմացվող լրահոսով

18:59

Ելույթ է ունենում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

18:55

Հանրահավաքում ելույթ է ունենում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծագումով տավուշցի Գառնիկ Դանիելյանը:

18:40

«Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»

«Առաջին հաղթանակն ենք գրանցել՝ սահմանագծման երեք քարերը չեն դրել այս պայքարի շնորհիվ», - հայտարարեց Բագրատ սրբազանը՝ ելույթ ունենալով Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքում:

«Եկել ենք պատասխան պահանջելու Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարից, որ եկել է մեր համայնքներ ու դժբախտաբար ստել ու սպառնացել, եկել ենք պատասխան պահանջելու», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ շարունակելով. - «Եկել ենք պահանջելու դադարեցնել այս միակողմանի ապօրինի գործընթացը: Դեմ չենք ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում, այժմ անընդունելի է»:

«Դո՛ւք եք պատերազմ հրահրողն ու պատերազմը կառավարելն անկարողը, նաև պատերազմ պայմանավորվողը դուք եք», - հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հեռակա դիմելով իշխանություններին:

«Մեր շարժումը չակնկալիքների պայքար է: Կա երկու արժեք՝ հայրենիք և պատիվ», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

«Սուտը դարձել է մշակույթ և պետք է վերանա ձեր միջոցով, սիրելի՛ ժողովուրդ: Մենք եկել ենք հաշտության մտքով: Թշնամությունը, ատելությունը, պառակտումը մեր տունը քանդել է, մարդիկ զրկվել են մարդ լինելու կերպարից: Մենք հաշտության օրակարգ ունենք և պետք է իրականություն դարձնենք», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այս կառավարությունը իրենց ղեկավարի գլխավորությամբ երկրի կառավարումը ծայրից ծայր ձախողել են, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը: Եկեղեցին առաջին օրվանից թիրախ է դարձել: Կեղծ խոսույթ են բերել մեր կյանք՝ իրական Հայաստան-պատմական Հայաստան, Արարատ-Արագած: Արտաքին հարաբերությունների մեջ չկա մի սեղան, որ Հայաստանն ասելիք ունենա: Ամենակարևորը՝ չկա Արցախը», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ շարունակելով. - «Հայրենիքը կորցնում են, հետո ասում են՝ իրական հայրենիքը պետք է տեսնել, իրական հայրենիք էր Արցախը: Հայաստանի սահմանները այժմ քանի՞ կիլոմետր է նվաճված, որը չեն էլ պատրաստվում վերադարձել»:

«Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու», - հայտարարեց Բագրատ սրբազանը:

«Պատրաստ եմ մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանավորվածությունները: Դուք այլևս իշխանություն չունեք, և Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց Եռատոնը», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

«Հիմա մենք սպասենք արձագանքի: Ինքն է ասել՝ եթե հրապարակը լցվի....», - ընդգծեց Բագրատ սրբազանը:

18:14

Բագրատ սրբազանի հորդորով հարթակից հեռացրին բոլորին՝ իրենից բացի: Տավուշի թեմի առաջնորդը դիմեց հավաքված բազմությանը, նրա հորդորով մարդիկ նախ երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա աղոթեցին:

Ապա Տավուշի թեմի առաջնորդը սկսեց իր ելույթը:

18:03

Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը:

17:57

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը հասավ Երևանի Հանրապետության հրապարակ:

17:50

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանի Հանրապետության հրապարակին։

Ամիրյան փողոցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ մինչև հասնեն հրապարակ, իշխանությունը պետք է մտածի՝ ինչ է անելու:

«Իշխանություններ, ձեզ նորից եմ ասում՝ մինչև մենք հասնենք, կոնկրետ որոշում կայացրեք, թե ինչ եք անելու: Մենք պահանջ չներկայացնենք, դո՛ւք կայացրեք», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

Հրաժարականի հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին Բագրատ սրբազանն արձագանքեց. - «Պահանջ չենք ներկայացնում, թող իրենք որոշում կայացնեն»:

14:45

Մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ երթին են միացել նաև «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամները, քիչ ավելի ուշ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, որոնց թվում կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը չկար:

Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Նրանք ասացին, որ մայիսի 9-ին կլինեն Երևանում ու մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

Նրանց գնահատմամբ, այդ գործընթացն ապօրինի է և տարածքների միակողմանի հանձնում է նշանակում։

Իշխանությունն իր հերթին հայտարարում է՝ սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է։

Երթի մասնակիցները Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում, 9-ը մայիսի, 2024թ․
Երթի մասնակիցները Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում, 9-ը մայիսի, 2024թ․

Այսօր ԱԱԾ-ն, ոստիկանությունը հորդորեցին շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ԱԱԾ-ն, մասնավորապես, շեշտել է, որ «սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ», Ոստիկանությունն էլ նշել, որ «հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։

Բագրատ սրբազանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ շատ վատ է վերաբերվում այդ հայտարարություններին։ «Իրենք իրենց վերապահված լիազորությունները գերազանցում են, և ես ուղիղ դիմել եմ իրենց։ Նախ այս ընթացքում որևէ մեկը որևէ ձևով որևէ խախտում, անօրինական բան չի արել և չի էլ կարող լինել։ Մենք խաղաղ, հաշտության պատգամով քայլում ենք, ինչի՞ց են վախեցել»։

Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց՝ սա հաշտության երթ է։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրի հրապարակ պահանջների հետ կապված քննարկման, Բագրատ սրբազանը պատասխանեց․ - «Այսօր կլսեք»։

Բագրատ սրբազանը ողջունում է երթի մասնակիցներին, Երևան, 9-ը մայիսի, 2024թ․
Բագրատ սրբազանը ողջունում է երթի մասնակիցներին, Երևան, 9-ը մայիսի, 2024թ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG