Մատչելիության հղումներ

Ակցիաների 48 մասնակից է բերման ենթարկվել. ոստիկանական գործողություններն անհամաչափ են որակվում


Լուսանկարը «Հայաքվե» տելեգրամյան ալիքի տեսանյութից
Լուսանկարը «Հայաքվե» տելեգրամյան ալիքի տեսանյութից

Երկրորդ օրը շարունակվող անհնազանդության ակցիաների 48 մասնակից այսօր բերման ենթարկվեց ոստիկանական բաժիններ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ քաղաքացիները չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, չեն բացել փողոցները։ Օրվա ընթացքում նրանք ազատ արձակվեցին։

«Այսօր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 48 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելուց հետո նրանք ազատ են արձակվում», - «Ազատության»-ն ասաց խոսնակը։

Վաղ առավոտից կարճ ժամանակով փակվեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի, Ազատության, Գայի պողոտաները, Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցը, Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը, Սպիտակ-Երևան ճանապարհը։

Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներն ազատ են արձակվել

Հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էր երեկվա հանրահավաքում հայտարարել, որ կշարունակեն անհնազանդության ակցիաները։ Սրբազանն իր համակիրներին առաջարկել էր նաև իշխանականների հետ զրույցներ ունենալ։

«Բոլորդ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ, շատ խաղաղ, առանց հայհոյանքի, առանց որևէ բանի, սուրճ խմեք հետները, թեյ խմեք հետները», - ասել էր Տավուշի թեմի առաջնորդը։

Վարչապետի հետ «սուրճ խմել» փորձել էին Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք առավոտյան գնացել էին տեղի թիվ 7 դպրոց, ուր այցելել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրանց էլ բերման էին ենթարկել զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ Նրանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ ավագանու անդամների մոտ հայտնաբերել են միայն սառը սուրճ։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատեց՝ Էջմիածնում բերման ենթարկված ութ անձանց մոտ զենք չեն գտել, ու նրանք արդեն ազատ են արձակվել։

Ավտոերթ Գյումրիում

Իսկ ահա Գյումրիում ընդդիմադիրների ավտոերթն առանց միջադեպերի անցավ։

«Այսօրվա ավտոերթը նպատակ ուներ՝ ... Շիրակի մարզում շարունակելու, ունենք նորից իրազեկման ակցիաներ տեղեր, խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն՝ հետևելով հիմնական օրակարգին, որը ձևակերպված է և զարգանալու է Հանրապետության հրապարակում», - նշեց Տավուշի թեմի առաջնորդի շարժմանը միացած «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանը։

ԲԿ է տեղափոխվել ակցիաների մասնակից՝ թևի վնասվածքով. իրավապաշտպան

Մինչ ոստիկանությունն այս օրերին հայտարարում է, որ հետևում է օրինականության պահպանմանը, իրավապաշտպաններն ու փաստաբանները ոստիկանության գործողություններն անհամաչափ են որակում։

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանության գործողություններն անհամաչափ են, որովհետև Եվրոպական կոնվենցիայով, Եվրոպական դատարանի իրավաբանությամբ շատ հստակ նշված է, որ օրինակ՝ փողոցը փակելու գործողությունների ժամանակ ոստիկանությունը պետք է զսպվածություն ցուցաբերի և ողջամիտ ժամկետ տրամադրի։ Այն դեպքերում էլ, երբ որ նրանք տրամադրում են, ողջամիտ չի լինում ժամկետը», - նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծում է՝ փողոց փակելով ցուցարարներն իրազեկում են իրենց պահանջների մասին, և 10-15 րոպեն բավարար չէ դրա համար։ Հիշեցնում է Փաշինյանի նախաձեռնած 2018-ի անհնազանդության ակցիաների մասին։

«Չոռանանք երկակի ստանդարտների գործոնն այստեղ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները 2018 թվականին առհասարակ կարծում էին, որ պետությունը չի կարող այսպիսի գործողություններ կատարել, և առհասարակ կարծում էին, որ ամբողջովին իրավաչափ է փողոց փակելն առանց որևէ սահմանափակման։ Դա այդպես չէ, սահմանափակումներ, այո, կան և պետք է լինեն, բայց այն 5-10 րոպե «ողջամիտ» ժամկետը, որ տրամադրում են, որևէ կերպ ողջամիտ համարվել չեն կարող», - ասաց Ռուբեն Մելիքյան։

Այսօր ոստիկանական բաժիններ այցելած փաստաբանը պատմեց, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ակցիաների մասնակից 23-ամյա մի տղամարդ՝ թևի վնասվածքով։

«Կարծում եմ, որ սա նաև պայմանավորված է այն ուղերձներով, որ ոստիկանությանն էին ուղղված մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ, երբ ասաց, որ մենք չգիտենք, թե որոնք են այն սահմանները, որտեղ ոստիկանությունը կարող է ուժ կիրառել, այդ թվում նաև, բիրտ ուժ բառը չօգտագործեց, բայց կոշտ ուժ կիրառել», - շեշտեց նա։

Փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին Հայաստանում փակ ճանապարհներ չկան։ Երեկ մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ նաև փակվել էին տարբեր մարզերը Երևանին կապող ճանապարհները։

XS
SM
MD
LG