Մինչ Հայաստանում քննարկում են Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու հեռանկարն ու դրա հետևանքները, սահմանի մյուս կողմում անհամբերությամբ սպասում են Երևանի գործնական քայլերին։
Ղազախի բնակիչները «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններն էին մեջբերում, կարծիք հայտնում, որ նախկին ադրբեջանաբնակ գյուղերը պետք է փոխանցվեն իրական սեփականատերերին։
«Ես ամբողջությամբ լսել եմ Փաշինյանի ասածները։ Այնտեղով անցնում է ասֆալտապատ ճանապարհ դեպի Վրաստան։ Փաշինյանը ինքն է աղաչում, որպեսզի մենք վերցնենք այդ գյուղերը։ Բայց եթե խոսք գնա էքսկլավային համարվող գյուղերի մասին, ապա այդ հարցը կարող է վեճեր հարուցել։ Որովհետև այդ գյուղերը գտնվում են Հայաստանի տարածքների մեջտեղում։ Դրա համար է նա իր քաղաքացիներին աղաչում է լքել այդ տարածքները, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի», - նշել է բնակիչներից Աբդուլա Մամեդովը։
«Իհարկե կվերադարձնեն։ Այսպես չի կարող շարունակվել, շուտով կհանձնեն։ Մենք ենք այդ հողերի սեփականատերերը , մենք չենք թողնի այդ տարածքները հայերին։ Այսքան տառապանքներից հետո չենք հրաժարվի Ղազախի գյուղերից», - ասել է Համիդ Ումուդովը:
Բաքուն չորս ոչ անկլավային գյուղերի անհապաղ վերադարձ է պահանջում՝ միաժամանակ հրաժարվելով հետ քաշել իր զորքերը Հայաստանի ավելի քան երեք տասնյակ գյուղերի տարածքներից։
Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վերադարձի պահանջը հնչեցնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները լուռ հետևում էին թեմային, այդ թվում՝ չվերադարձնելու դեպքում պատերազմի սպառնալիքի շուրջ Հայաստանում ծավալված թեժ քննարկումներին։
Լռությունը ժամեր առաջ խախտեց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին։
Ադրբեջանցի պաշտոնյան պնդեց՝ Բաքվի պահանջած գյուղերը տարածքային վեճի առարկա չեն։
Հայաստանի իշխանության՝ տարածքներ զիջելու մտադրության ֆոնին եվրոպացի դիվանագետն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Տոյվո Կլաարը, սակայն, չէր հստակեցրել՝ կոնկրետ ի՞նչ սպառնալիք նկատի ունի։
Ադրբեջանական աղբյուրները ենթադրում են՝ Եվրամիության ներկայացուցիչը հավանաբար նկատի ուներ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերահսկվող Caliber պարբերականի հրապարակումը։
Տավուշի սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանի այցից մոտ մեկ շաբաթ անց իշխանամետ այդ լրատվամիջոցը գրել էր՝ Բաքվում տպավորություն ունեն, որ Հայաստանի առաջնորդը չի շտապում խոսքից գործի անցնել։
«Պարզապես տեղեկացնում ենք, որ երկար սպասել Բաքուն մտադիր չէ։ Գյուղերն անհապաղ չվերադարձնելը կդիտարկվի որպես Երևանի կողմից օկուպացիան շարունակելու մտադրություն, որն իր հերթին Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելու պատճառ կդառնա», - գրել էր Caliber-ը։
Սպառնալիքներ, սակայն, միայն ադրբեջանական իշխանամերձ մամուլը չէ, որ հնչեցնում է։
Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ալիևի վարչակազմի քարոզչական խոսափողներից համարվող Ռասիմ Մուսաբեկովը անցած շաբաթ տեղական թերթերից մեկի հետ զրույցում իր հերթին նախազգուշացրել էր՝ այլ տարբերակ Փաշինյանը չունի։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի վարչապետին ասվել է՝ Բաքվի պահանջների կատարումը ձգձգելու դեպքում, ադրբեջանական հատուկ ջոկատայինները «պարզապես կմտնեն նշված գյուղերը և կճնշեն ցանկացած դիմադրություն»։
«Զինված դիմադրությունը ճնշելիս դժվար է նախապես միանշանակ ասել, թե որ սահմաններին կկանգնեն ադրբեջանական զինված ստորաբաժանումները»,- հայտարարում էր պատգամավոր Մուսաբեկովը և հավելում, - «նույնը նախկինում էլ է եղել մի քանի անգամ։ Ժամանակն է, որ Փաշինյանը ճիշտ դասեր քաղի Բաքվի նախազգուշացումներից»։
Ադրբեջանից նաև ծանր մեղադրանքներ են հնչում
Եվ չնայած Հայաստանի իշխանությունը կասկածի տակ չի դնում Բաքվի պահանջած չորս գյուղերի պատկանելությունը, ընդհուպ համաձայնում դրանք առանց իր օկուպացված տարածքների հետ փոխանակման վերադարձնել, Ադրբեջանից սպառնալից հայտարարություններից բացի նաև ծանր մեղադրանքներ են հնչում։
Գործնական փուլ մտնող հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին անցած օրերին Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարեց, թե 18 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել, որոնք մեղադրվում են 90-ականներին Բաղանիս Այրում գյուղում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Ովքեր են Ադրբեջանի իրավապահների կողմից հետախուզվող 18 հայերը, Բաքուն անուններ չի բացահայտում, ըստ գերատեսչության, ադրբեջանական դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն: