Մատչելիության հղումներ

Տավուշում հաստատված արցախցիներն անորոշության մեջ են՝ ինչպե՞ս կավարտվի սահմանների ճշգրտումը Հայաստանի հյուսիսում


«Այն, ինչ տեսել ենք շրջափակման 9 ամիսներին ու հարկադիր գաղթի ճամփին, ոչ ոքի չենք ցանկանում», - միաբերան ասում են Տավուշի սահմանամերձ գյուղերում հաստատված արցախցիները, որ կես տարի անց դարձյալ անորոշության մեջ են. ինչպե՞ս կավարտվի սահմանների ճշգրտումը Հայաստանի հյուսիսում, որի մասին ասելիքով օրերս իրենց գյուղեր էին հասել երկրի գլխավոր բանակցողները։

Աննա Ասլանյանը որդիների հետ Տավուշի Ոսկեվան գյուղում է։ Արցախում շատ բան են թողել, բայց աչքին ոչինչ չի գալիս, քանի դեռ անհետ կորած զարմիկից հուսադրող լուր չունեն։

Արցախի դռները փակվելուց հետո Ոսկեվանում 5 արցախցի ընտանիք է հաստատվել։ Ռիտա Լալայանը գյուղացիների տրամադրած տունը կարգի է բերել, որդին աշխատանք է գտել, հարմարվել են, բայց կարոտը խեղդում է, անհաղթահարելի դժվարություն է՝ ասում է։ Տան մի անկյունում տեղահանումից ընդամենը մեկ շաբաթ առաջ մահացած ամուսնու ու նրա 44-օրյային զոհված եղբորորդու նկարներն են։

Հնարավոր սահմանազատման դեպքում հայ-ադրբեջանական շփման գիծը զգալի կմոտենա գյուղին։ Օրերս հարևան Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանի քաղաքականությունն է՝ պատերազմ թույլ չտալ։

Ոսկեվանում հաստատված արցախցիները, մինչդեռ, խաղաղության հույսով մեծ ծրագրեր այստեղ դեռ չեն ձեռնարկում։ Ասկերանցի Վիտալի Հարությունյանն իր տան բակում մի փոքրիկ ջերմոց է դրել, կանաչի է աճեցնում։ Ասում է՝ մեծ օժանդակության առաջարկները մերժել է՝ զուտ անորոշության պատճառով։ Դեռ չի ուզում խոշոր ներդրումներ անել սահմանամերձ գյուղում։

Հայաստանի կառավարության ծրագրով սահմանամերձ գյուղերում սեփական հող ունեցող բնակիչները պետությունից կարող են 16 միլիոն դրամ ստանալ տուն կառուցելու համար։ Ոսկեպարցիները հարց էին տվել վարչապետին՝ արդյոք սահմանները գյուղերին մոտեցնելուց հետո 16 միլիոնով կառուցված տների բնակիչները կմնան գյուղում, արդյո՞ք վտանգ չկա, որ առանց այն էլ դատարկված գյուղերը լքողների թիվը կմեծանա։ Փաշինյանը հակադարձեց՝ Բաղանիսից Բերքաբեր սահմանները ճշգրտեն՝ գյուղերն էլ կզարգանան, հեռացողներ չեն լինի։

Բայց գյուղացիները մտավախություն ունեն՝ հանկարծ հակառակորդի ախորժակը չբացվի։ Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ասում է. - «Ասում են՝ ուտելուց է ախորժակը բացվում, ինչքան էլ տանք, էլի գալու են: Հիմա իրանց ասած 4 գյուղը տվեցին, վաղը-մյուս օրը էն 4-ն են ուզելու, եթե կա, դրանից հետո մեր գյուղերն են ուզելու»:

Մեկ այլ արցախցի, դրվագ առ դրվագ վերհիշում է գաղթի անցած ճամփան ու գլուխը տարուբերում, թե այսքան դառնություն պատճառած հակառակորդի հետ խաղաղ հարևանությունն անհնար է մոտ ապագայում։

Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել էր՝ առաջիկայում հնարավոր է չափագրում անողներ հայտնվեն գյուղի տարածքում, չնայած խոստացավ՝ առանց տեղացիների հետ քննարկելու ոչ մի որոշում չեն ընդունի։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG