«Մեր հայրենիքի և մեր երկրի նկատմամբ կան նկրտումներ», - Գյումրիում շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նախ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում, ապա հայտարարել՝ պետք է երկրի անվտանգությունն ապահովելու լուծումները գտնել։ Այդ լուծումն, ըստ վարչապետի, առաջին հերթին «լեգիտիմության գծերի վրա կանգնելն է»։
Փաշինյանը պարզաբանել է՝ լեգիտիմության գիծը միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը Հայաստանի դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա։
Փաշինյանը շեշտել է՝ նախորդ 30 տարիների համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել։
«Ասեն՝ «իրենք մեր էս տարածքը վերցրել, չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք, դե մնացածն էլ կոնտրոլից դուրս եկավ» և այլն։ Մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել, էդ էլ եկեք նայենք։ Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք իրենց հերթին, մենք մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ, երջանիկ», - հայտարարել է վարչապետը։
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։