«Մենք ուզում ենք, որ բոլորը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց, մյուս կողմից, մեկ-մեկ տպավորություն ա, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում», - երեկ Տավուշի մարզում հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ասում էր Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, մոտալուտ պատերազմը կլինի։ Չնայած 2021-22 թվականներին Ադրբեջանը Հայաստանի սահմանները մեկ անգամ չի խախտել, Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ սահմանը դե յուրե պարիսպ է՝ անտեսանելի, բայց՝ պարիսպ։
«Ես ձեզ ուզում եմ հակառակ սցենարը նկարագրեմ՝ մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսելու: Ես գիտեմ ինչ ա լինելու էդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տենանք՝ Երևանի Հանրապետության հրապարակում, բանում, դուք ասելու եք՝ «ա, մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունեինք, դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դո՞ւ ինչ էիր ասում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք եթե ինչ-որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար: Ինքն էլ ա՝ 30 տարի եղել ա պահանջողի կարգավիճակում, քայլ, քայլ, քայլ, քայլ գնացել ստացել ա: Մենք էլ պտի քայլ, քայլ, քայլ գնանք ստանանք: Բայց ստանալու համար մենք պետք ա պահանջենք էն, ինչ-որ օրինականորեն մեզ ա պատկանում»:
Հայաստանի քարտեզի ուրվագիծն առած վարչապետը երեկ գնացել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերի բնակիչների հետ հանդիպման։ Ադրբեջանը պահանջում է հենց դրանց մոտ գտնվող Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի գյուղերը, բայց հրաժարվում է ընդունել, որ իր օկուպացիայի տակ են Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքներ։
Գործնական փուլ մտնող հայ - ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ըստ վարչապետի, կարող է սկսվել հենց Բաղանիսից Բերքաբեր հատվածում, դրանց մեջտեղում Ոսկեպարն ու Կիրանցն են։ Այս տարածքներով են անցնում դեպի Վրաստան և Ռուսաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը:
«Ադրբեջանը օգտագործում ա մի էսպիսի փաստարկ՝ որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի: Ասում են, որ «եկեք, ուրեմն, փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին»: Իհարկե, մենք հակադարձում ենք՝ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ՝ էդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկները արդարացի են, և մեր քաղաքականությունն էն ա, որ մենք պետք ա պատերազմ թույլ չտանք: Եվ էս ա նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք ա գնանք էս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին Տավուշում ուղեկցում էին սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Այդ դռնփակ հանդիպումները մի քանի ժամ են տևել, բայց վարչապետի աշխատակազմը միայն մոտ մեկ ժամանոց հատվածն է հրապարակել։
Մարդիկ այնտեղ երաշխիք էին պահանջում, որ Հայաստանի զիջումներից հետո որևէ բան էլ Ադրբեջանն է զիջելու:
«Մի դեպքում կար երաշխիք, որ մենք կունենանք պայթյուն, մի դեպքում չունենք երաշխիք: Մենք հենց էս իրադրությունը հաշվի առնելով և նկատի ունենալով՝ գալիս ենք շատ թե քիչ գործուն միակ երաշխիքին՝ մենք գալիս ենք կանգնում ենք մեր լեգիտիմության սահմանին, որ ասենք հլը մի րոպե, ուրեմն՝ սա մեր իրավունքն ա», - նշեց վարչապետը:
Բաքվի հետ կա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածություն, բայց դրանք, ըստ հայաստանցի պաշտոնյաների, խաղաղության պայմանագրի նախագծում ամրագրել դեռ չի հաջողվում։
Չնայած Ալմա-Աթայից հրաժարվողը Հայաստանը չէ, սահմանից հետ քաշվելով Փաշինյանն ուզում է Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը կատարել։
«Մենք գալիս ենք այ ստեղ, էս գծին ենք կանգնում և ոչ թե առաջ, ասելու համար՝ «տե՛ս, մեր պայմանավորվածությունը գործնականո՛ւմ մտավ ուժի մեջ»: Եվ էդ պահից սկսած՝ մեր դիրքերն են ամրանալու», - վստահեցրեց վարչապետը:
Միջպետական ճանապարհ կառուցելն էլ, ըստ Փաշինյանի, դժվար չէ։ Հայաստանի տարածքից դուրս տուն ունեցողներին կա՛մ փոխհատուցում կտրամադրվի, կա՛մ Կառավարությունն ինքը նորը կկառուցի։ Զուգահեռներ տարավ Շուռնուխի հետ։ Եռակողմ հայտարարությունից հետո անտուն մնացած շուռնուխցիները երեք տարի է՝ սպասում են նոր տներին։
Վարչապետը խոստանում էր՝ տավուշցիների թիկունքում ու նրանց դեմ որևէ բան չի կարող արվել, կանեն հնարավորը, որ նրանց ուզածով լինի, բայց չբացառեց, որ չհաջողեն. - «Եթե նույնիսկ արվի մի բան, որը դուք ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում ա ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»:
Կիրանցում վարչապետ Փաշինյանը նաև հայտարարեց՝ որոշել են Վրաստանի հետ ևս ակտիվացնել սահմանագծման գործընթացը. - «Որովհետեւ մենք պետք ա ակտիվ լինենք՝ արձանագրելու համար Հայաստանի Հանրապետության սահմանները այ էս միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակներում»:
Վրաստանի հետ սահմանազատումն, ի դեպ, 1990-ականներից ավարտված չէ, կան մի շարք չհամաձայնեցված հատվածներ։