Մատչելիության հղումներ

Երևանը վավերացնում է ԵՄ առաքելության համաձայնագիրը


Երևանը վավերացնում է Եվրոպական միության առաքելության համաձայնագիրը։ Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթներ, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն Ազգային ժողովում փաստաթուղթը ներկայացնելիս, հայտարարեց՝ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները», - նշեց Սաֆարյանը:

Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, այն ժամանակ առաքելության կազմում 40 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

«Ես ցանկանում եմ մեր աներկբա գոհունակությունը հայտնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեությամբ, նշել ու արձանագրել, որ Հայաստանում առաքելության տեղակայումը էականորեն նպաստել է տարածաշրջանային կայունությանը, նշել ու արձանագրել, որ մենք շարունակելու ենք աջակցել այս առաքելությանը», - ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Համաձայնագրի վավերացմանն իշխող «Քաղաքացիական պայմանագրում» կողմ են, մինչդեռ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենք ձեռնպահ կմնան. համաձայնագրի քննարկման ընթացքում ընդդիմադիրների մտահոգությունները չէին փարատվել։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունից՝ «Պատիվ ունեմից» դիրքորոշումը չհայտնեցին։

«Ազգային ժողով ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են, այնպես էլ հանձնաժողովում քննարկվելու ժամանակ և այստեղ քննարկելու ժամանակ չտրվեց հարցին պատասխան, թե ինչո՞ւ կարևոր փաստաթուղթը մանդատի վերաբերյալ չի վավերացվում, այլ վավերացվում է տեխնիկական այս փաստաթուղթը, ինչո՞ւ տեխնիկական այս փաստաթուղթը վավերացվում է ուշացումով, որովհետև նույնիսկ արտաքին գերծերի փոխնախարարն ասաց, որ այդ փաստաթուղթը ձևավորված, այսինքն, պատրաստի փաստաթուղթ է բոլոր առաքելությունների համար ու այն կարող էր ավել շուտ իրականացվել», - նշեց «Հայաստան» խմցակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցնում էին՝ արդյոք այդ փաստաթուղթը լիազորում է Երևանին որոշելու՝ որ երկրները կարող են լինել առաքելության կազմում։

«Եվրամիությունն իրավունք ունի Եվրամիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելությանը մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան, այն Թուրքիան, որի կարգավիճակի բարձրացման մասին օրերս խոսեց Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Կովկասում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրների բարձրացրած հարցերին հակիրճ արձագանքեց։

«Հարցը՝ կարո՞ղ է ԵՄ առաքելությունը առանց Հայաստանի ցանկության ու թույլտվության գալ ու մնալ Հայաստանում, պատասխանն է՝ ոչ: Արդյոք կարո՞ղ է Եվրամիության առաքելությունը 3-րդ երկրի դիտորդներին ներգրավել առանց Հայաստանի համաձայնության, պատասխանն է՝ ոչ: Եթե դուք սրան ի պատասխան ասեք՝ բայց այս համաձայնագրում դա կարգավորված չի, ճիշտ կասեք, որովհետև այս համաձայնագիրը չի, որ դա պիտի կարգավորի: Սա կարգավորվում է արդեն Հայաստանի ու Եվրամիության միջև պայմանավորվածությամբ: Սա ընդամենը համաձայնագիր է, այդ դիտորդների ու իրենց գույքի կարգավիճակի մասին», - նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Ընդդիմադիրները նաև հարց բարձրացրին՝ ինչո՞ւ համաձայնագիրը չի անդրադառնում դիտորդների մանդատի հարցին։ Իշխանական պատգամավորները հակադարձեցին, թե այդ փաստաթղթով դիտորդները դիվանագիտական ծառայողներին հավասար կարգավիճակ է տրվում։

«Հայելային, ինչպես օրինակ, բազմաթիվ դեսպանատների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների անձնակազմերն ունեն այս պահին Հայաստանի Հանրապետությունում կարգավիճակներ, նմանատիպ կարգավիճակ ենք տալիս նաև Եվրոպական միության դիտորդական առաքելությանն ամբողջությամբ ու նաև մասնավորապես անձնակազմին, անձնակազմի անձեռնմխելությանը, գործողություններին և այլն», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Համաձայնագրի նախագիծը քվեարկության կդրվի արդեն վաղը։ Մինչ Ազգային ժողով հասնելը, փաստաթուղթն արդեն Սահմանադրությանը չհակասող է ճանաչվել Սահմանադրական դատարանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG