Կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման նախագծին։
Ըստ այդմ՝ կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը, կառավարությունը օրենսդրական նախագիծը կներկայացնի Ազգային ժողով՝ հաստատման։
Սահմանադրական դատարանում կառավարությունը ներկայացուցիչ նշանակեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին։
2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի: Առաքելությունը ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը՝ շեշտելով՝ առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը ԵՄ հանձնառությունը։