Մատչելիության հղումներ

Չեխիայի ԱԳ նախարարը կոչ է արել Մոսկվային՝ ազատել «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևային


Ալսու Կուրմաշևան դատական նիստերից մեկի ժամանակ, 1-ը փետրվարի, 2024թ․
Ալսու Կուրմաշևան դատական նիստերից մեկի ժամանակ, 1-ը փետրվարի, 2024թ․

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ ազատ արձակել «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային։

Լիպավսկին, ըստ Novinky-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է խաղաղության քարոզող կանանց, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և գենդերային հավասարության ջատագովների համար անվտանգության ու աջակցության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության մասին և կոչ արել Ռուսաստանին՝ անհապաղ բանտից ազատել Կուրմաշևային։

Ալսու Կուրմաշևան կալանքի տակ է 2023-ի հոկտեմբերից։ Ռուսական իշխանությունները նրան մեղադրում են «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու, մասնավորապես՝ իր կարգավիճակի մասին իշխանություններին չտեղեկացնելու համար: Ընդ որում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Կուրմաշևային «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ չի շնորհել։

Ավելի ուշ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու հոդվածով։ Առիթը դարձել է Idel.Realii-ի խմբագիրների կողմից հրատարակված «Ոչ պատերազմին. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող 40 ռուսաստանցիների պատմությունները» վերնագրով գիրքը:

XS
SM
MD
LG