Մատչելիության հղումներ

Կազանի դատարանը երկարաձգեց «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքի ժամկետը


Կազանի դատարանը այսօր որոշեց «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքի ժամկետը երկարաձգել մինչև ապրիլի 5-ը։ Դատարանը բավարարեց նախաքննության միջնորդությունը և մերժեց խափանման միջոցը փոխելու, տնային կալանք սահմանելու փաստաբանի միջնորդությունը։ Ալսու Կուրմաշևան կալանքի տակ է 2023-ի հոկտեմբերից։

Պրահայում «Ազատության» թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Կուրմաշևան անցած տարվա մայիսին կարճ ժամկետով մեկնել էր Կազան, սակայն Պրահա վերադառնալիս՝ հունիսի 2-ին նա ձերբակալվել էր օդանավակայանում։

Ռուսաստանի իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել օտարերկրյա գործակալ չգրանցվելու և ռուսական բանակի մասին ֆեյքեր տարածելու հոդվածներով։

Ալսու Կուրմաշևան երկքաղաքացի է, նա ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

«Ազատություն» Ռ/Կ-ի նախագահի պաշտոնակատար Սթիվեն Կապուսը մեկնաբանելով դատարանի այսօրվա որոշումը ասել, որ Ալսու Կուրմաշևան ակնհայտորեն անարդարացի է ձերբակալվել՝ միայն նրա համար, որ նա ԱՄՆ-ի քաղաքացի է և լրագրող, ով իր աշխատանքը կատարելու համարձակություն ունի՝ այս երկու հանգամանքները անտանելի են Մոսկվայի համար, նշել է նա։

XS
SM
MD
LG