Մատչելիության հղումներ

Ամերիկացի մեկնաբան Կարլսոնի հարցազրույցը Պուտինի հետ քննադատվում է որպես քարոզչական հարթակ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հարցազրույցը քննադատվում է, որ նա քարոզչական հարթակ տրամադրեց Ռուսաստանի ղեկավարին՝ հնարավորություն տալով երկու ժամվա ընթացքում ևս մեկ անգամ շարադրել իր տեսակետները։

Ուկրաինա ներխուժելու սկզբից ի վեր, գրեթե երկու տարիների ընթացքում սա Պուտինի առաջին հարցազրույցն է ամերիկյան մամուլին, որ այսօր առավոտյան Fox News-ի նախկին մեկնաբան Թաքեր Կարսլոնը տեղադրել է իր կայքում։

Պուտինը կրկին պնդել է, որ Ուկրաինան սպառնալիք է Ռուսաստանի համար, քանի որ Արևմուտքն Ուկրաինային ներքաշում է ՆԱՏՕ-ի մեջ, մեղադրել է Արևմուտքին ու Կիևին և ասել է, թե մինչև վերջ կպայքարի Ռուսաստանի շահերի համար։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային կթուլանա, իսկ ուկրաինացիների բարոյահոգեբանական ոգին այնքան կնվազի, որ Ռուսաստանի ռազմական նպատակները կդառնան իրագործելի։ Նա ԱՄՆ-ին հորդորել է ճնշում գործադրել Կիևի վրա հակամարտությունը դադարեցնելու և Ռուսաստանի հետ գործարք կնքելու համար։

Կարլսոնը հազվադեպ էր մարտահրավեր նետում Պուտինին, ով երկար դասախոսություն էր կարդում Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության մասին, բայց արժանահավատ բացատրություններ չտալով միջազգային իրավապաշտպան խմբերի մեղադրանքների կապակցությամբ, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, կամ երկրի ներսում ընդդիմադիր գործիչների՝ Ալեքսեյ Նավալնիի, Վլադիմիր Կարա-Մուրզայի բանտարկությունների մասին, որոնց դեմ շինծու մեղադրանքները քաղաքական են թվում։ Նա խուսափում էր Ռուսաստանում քաղաքացիական հասարակության և խոսքի ազատությունների դեմ կոշտ բռնաճնշումների թեմաներից։

Նյու Յորքից քաղաքագետ, Eurasiagroup-ի նախագահ Յան Բրեմենը սոցցանցում գրել է, որ «Պուտինն իր մեսիջները հաղորդեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում»։

Դեռ մինչ հարցազրույցը Թաքեր Կարլսոնը քննադատվում էր, որ հարցազրույցի է գնում Պուտինի մոտ, ում կառավարությունը բանտարկել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին ու ևս մեկ ամերիկացի լրագրողի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային։ Երկուսն էլ իրենց դեմ առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Պուտինի հետ հարցազրույցում Կուրմաշևայի մասին ընդհանրապես հարց չի հնչել, իսկ Գերշկովիչի վերաբերյալ Կարլսոնն առաջարկել է ազատ արձակել նրան, ասելով՝ եթե նույնիսկ նա հնարավոր է «ինչ-որ կերպ խախտել է ձեր օրենքը»։

Պուտինը հնարավոր է համարել Գերշկովիչի փոխանակումը Գերմանիայում ցմահ դատապարտված, իր խոսքով՝ հայրենասեր մարդու հետ։ Նա անուն չի տվել, սակայն խոսքը ռուսական լրտեսական ծառայության նախկին գնդապետ Վադիմ Կրասիկովի մասին է, ով 2019 թվականին Բեռլինում օրը ցերեկով սպանել է ծագումով չեչեն Վրաստանի քաղաքացի Թոռնիկե Խանգոշվիլիին։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման։

Պուտինի ասելով՝ նա կապ չունի հատուկ ծառայությունների հետ, ուղղակի հայրենասիրական դրդումներով ավազակի է ոչնչացրել եվրոպական քաղաքներից մեկում։

Խանգոշվիլին չեչեն անջատականների նախկին դաշտային հրամանատարներից էր։

Իսկ Գերշկովիչը, ըստ Պուտինի, աշխատել է ոչ թե The Wall Street Journal-ում, այլ՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների համար, և բռնվել է գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին։

Նրանց փոխանակման հնարավորության մասին Պուտինն ասել է, որ այդ հարցը լուծելու համար տաբու չկա։ «Մենք պատրաստ ենք լուծմանը, բայց կան որոշակի պայմաններ, որ քննարկվում են հատուկ ծառայությունների խողովակներով։ Կարծում եմ կարելի է համաձայնության հասնել», - նշել է նա։

Թաքեր Կարլսոնը, փետրվարի 6-ին X սոցցանցում պարզաբանելով Պուտինից հարցազրույց վերցնելու իր որոշումը, ասել էր, թե ամերիկյան լրատվամիջոցները կենտրոնանում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, սակայն Պուտինի ձայնը չի լսվում ԱՄՆ-ում, քանի որ արևմտյան լրագրողները Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր չեն «անհանգստացել» նրանից հարցազրույց վերցնել:

Բազմաթիվ արևմտյան լրագրողներ հերքել են այդ պնդումը՝ ասելով, որ իրենք անընդհատ փորձել են հարցազրույց վերցնել Պուտինից, սակայն մերժվել են: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հաստատեց դա, ասելով, որ իր գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստանում նախագահի հետ հարցազրույցների համար, սակայն, նրա խոսքով, արևմտյան լրատվամիջոցների մեծ մասը ավանդական հեռուստաալիքներ և խոշոր թերթեր են, որոնք նույնիսկ չեն փորձում անաչառ երևալ իրենց լուսաբանման մեջ։ «Իհարկե, նման լրատվամիջոցների հետ շփվելու ցանկություն չկա», - ասել է Պուտինը։

Կարլսոնի անունը նաև հայտնի է Ռուսաստանի առաջնորդին պաշտպանելու համար։ Նա մի անգամ ասել է, թե «Պուտինին ատելը դարձել է Ամերիկայի արտաքին քաղաքականության կենտրոնական նպատակը»։

Որպես անկախ լրագրող նրա գործունեությունը հարցականի տակ է դրվել 2020 թվականին։ Fox News-ը շահեց զրպարտության գործով նրա դեմ դատը։ Դատարանի վճռում նշված էր, որ նա քննարկվող թեմայի շուրջ չի շարադրում իրական փաստերը, փոխարենը հանդես է գալիս չափազանցություններով։

Թաքեր Կարլսոնը մինչ այս հայտնի էր դավադրապաշտական տեսություններով, պահպանողական, աջակողմյան հայացքներով։

Նա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպաններից է, 2024-ին աջակցում է Սպիտակ տուն վերադառնալու համար Թրամփի քարոզարշավին։

XS
SM
MD
LG