Քաղաքագետները տարակարծիք են, թե Երևանի և Բաքվի միջև Ներքին Հանդի դեպքերից հետո սկսած քաղաքական կոշտ փոխհրաձգությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի։
Կառավարության երեկվա նիստում անձամբ վարչապետ Փաշինյանը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել: Տիգրան Գրիգորյանը երկարաժամկետ կտրվածքով պատերազմի հավանականությունը չի բացառում, բայց չի կարծում, թե առաջիկա ամիսներին այդ վտանգը շատ մեծ է։
«Վարչապետի հայտարարություններն առաջին հերթին արձագանք էին Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպին: Այս փուլում ես լայնածավալ պատերազմի վտանգ չեմ տեսնում առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի բանակցային գործընթաց գոյություն ունի, որի շրջանակներում կողմերը բանակցում են խաղաղության պայմանագրի տարբեր կետերի ու տարբեր ուղղությունների շուրջ», - ասաց Գրիգորյանը:
Նարեկ Սուքիասյանն էլ նշեց. - «Մենք հիմա տեսնում ենք լիովին այլ իրավիճակ, ինչ տեսնում էինք Նոր տարվանից առաջ, երբ կողմերը խոսում էին աննախադեպ խաղաղության և հանդարտության մասին սահմանագծի երկայնքով, երբ ազդարարում էին, որ շուտով հնարավոր կլինի կնքել խաղաղության պայմանագիր: Այսօր խոսում են տրամագծորեն հակառակ տոներով, և, այո, պատերազմի հավանականությունն այս պահին ավելի մեծ է»:
Սուքիասյանը կարծում է՝ Բաքուն կարող է որպես պատերազմի պատրվակ օգտագործել անկլավների թեման։ Փաշինյանը երեկ հենց այդ հարցի վրա էլ ծանրացավ՝ ասելով, թե Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի մասին, միևնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներ։ Այս հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Բաքուն Երևանից պահանջեց, ինչպես ձևակերպել էին, ադրբեջանական 8 գյուղերը, իսկ հայկական 31 գյուղերի մասին Փաշինյանի հայտարարությունը որակեցին մանիպուլյացիա։
«Իրենց կարծելով, դա ավելի լեգիտիմ պահանջ է, քանի որ կարող են հղում անել իրենց տարածքային ամբողջականությանը, հղում անել որոշ քարտեզների ու ավելի լեգիտիմ պահանջ ներկայացնել առ այդ: Բայց ես կարծում եմ, որ այստեղ առանձնապես առաջնահերթությունների հերթականություն չկա Ադրբեջանի համար, թե որն է ավելի կարևոր, որն է՝ ավելի պակաս, քանի որ նպատակը կոնկրետ այդ անկլավները չեն, կոնկրետ սահմանազատման 10 մետր այսկողմ, այնկողմը չէ, թեև ռազմավարական բարձունքները կարևոր են, Ադրբեջանի համար կարևոր է, կարծում եմ, այս պահին ձգտել հնարավորինս առավելագույնի՝ Հայաստանին բերելով հնարավորինս ամենաթույլ վիճակի», - ասաց Սուքիասյանը:
Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանին չի կարող զսպել ո՛չ Հայաստանի ռազմական այսօրվա ներուժը, ո՛չ միջազգային ճնշումը։ Հարցն այս տարի միջազգային խաղացողների համար, ըստ Սուքիասյանի, երկրորդական է դառնալու՝ իրենց ներքին բարդ օրակարգի պատճառով։
«Բոլոր այն դերակատարները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են հակամարտության զսպման կամ կառավարման գործում որպես միջնորդներ կամ ֆասիլիտատորներ, զբաղված են լինելու շատ ավելի կարևոր այլ հարցերով, մասնավորապես, Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, Եվրամիությունում պառլամենտի ընտրություններ են և Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են», - ընդգծեց նա:
Տիգրան Գրիգորյանն այս պահին առաջընթացի գլխավոր խոչընդոտը սահմանազատումն է համարում:
«Տեսնում ենք, որ չկա համաձայնություն քարտեզների վերաբերյալ: Ոչ անկլավային գյուղերի վերադարձի պահանջը հայելային պահանջ է, որը նպատակ ունի չեզոքացնել Հայաստանի դիրքորոշումն այդ օկուպացված տարածքների վերաբերյալ: Բայց ես բացառում եմ որևէ տարբերակ, որ Ադրբեջանն իր զորքերը հետ է քաշելու 21-22 թվականին զբաղեցրած դիրքերից: Նրանք նպատակ ունեն տակտիկական վերահսկողություն ունենալ Հայաստանի նկատմամբ՝ երկարաժամկետ կտրվածքով», - նշեց Գրիգորյանը:
Եթե չհաշվենք խաղաղության պայմանագրի նախագծի փոխանակումները, հայ-ադրբեջանական բանակցությունների մասին պաշտոնապես չի հաղորդվում։ Դրանք ընթանում են ոչ հրապարակային ու երկկողմ ձևաչափով, ասում է Տիգրան Գրիգորյանը։ Ադրբեջանն, ըստ քաղաքագետի, հասավ, առանց միջնորդների բանակցելու, իր նպատակին, որը նա համարում է վտանգավոր:
«Ադրբեջանը շարունակելու է օգտագործել ուժի կիրառման սպառնալիքն՝ իր համար ցանկալի արդյունքների հասնելու համար ու այս գործընթացը շարունակելու են, նույնիսկ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի», - ասաց Գրիգորյանը:
«Ազատության» հարցին՝ այդ դեպքում Երևանն ինչո՞ւ գնաց դրան, քաղաքագետը պատասխանեց. - «Ամենայն հավանականությամբ այլընտրանքների բացակայության պարագայում Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ բավարար ճնշում չգործադրելու պարագայում Երևանում որոշում կայացրեցին, որ եթե ընդհանրապես որևէ գործընթաց չլինի, դա ավելի վտանգավոր կլինի և ընդունեցին Ադրբեջանի պահանջը»:
Կառավարությունից տեղեկացրին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը մասնակցելու համար Գերմանիա է մեկնել վարչապետ Փաշինյանը։ Չնայած երկկողմ հանդիպումներից էին խոսել, այս պահին հայտնի չէ՝ արդյոք Փաշինյան - Ալիև շփումներ կլինեն։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն, ըստ ֆորումի օրակարգի, համատեղ որևէ քննարկման չեն մասնակցում։