Մատչելիության հղումներ

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կոչ են անում Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատել


Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները կոչ են անում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել՝ հարգելով այստեղ գտնվող պետությունների տարածքային ամբողջականությունը։

«Մենք կոչ ենք անում արդար և հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալմանը», - փետրվարի 12-ին Փարիզում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին ընդունված հայտարարության մեջ ընդգծել են Ստեֆան Սեժուրնեն, Աննալենա Բերբոկը և Ռադոսլավ Սիկորսկին։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Երեկ առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմից 4 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։ Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն. նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Հայաստանի Ռազմական ոստիկանությունն, ըստ էության, չէր հերքել, որ հայկական դիրքերից են նախ կրակոցներ արձակվել: Ընդ որում, ընդգծել էին, որ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Ռազմական ոստիկանությունը, սակայն, շեշտել էր, թե նախնական տեղեկատվությամբ՝ նման իրավիճակ այդ հատվածում չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG