Մատչելիության հղումներ

Փաշինյանն իրականացնում է «Ալիևի խաղաղության ծրագիրը»՝ հարձակում գործելով Հայաստանի պետականության հիմքերի վրա. ՀԱԿ փոխնախագահ


Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի հիմնադիր փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, երեկ պնդեց՝ դրա դրույթները անորոշ են և տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս։

Անկախության հռչակագրում, որն արտացոլված է նաև Սահմանադրության նախաբանում, խոսվում է համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման մասին։

«Ո՞րն է հայ ժողովրդի իղձը, մենք վստահ ենք, որ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգներում ապրող հայ ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, որտե՞ղ է դա ձևակերպված», - նշել է Փաշինյանը:

Արծվիկ Մինասյանը տարակուսած է՝ Հայաստանի վարչապետն ինչպե՞ս կարող է չիմանալ, թե որն է հայ ժողովրդի իղձը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տարակուսած է՝ Հայաստանի վարչապետն ինչպես կարող է առայսօր չիմանալ, թե որն է հայ ժողովրդի իղձը։

«Հայ ժողովրդի կամ ազգի իղձն առաջին հերթին իր արմատներին կառչած լինելն է, հայ լինելն է, Հայկական լեռնաշխարհում, որտեղ կազմավորվել է հայությունը, այդ լեռնաշխարհում ապրելու իր անբեկանելի իրավունքի իրացումն է, որ իր ամեն մի հաջորդ սերունդ ունենալու է ավելի պայծառ ապագա, առանց արմատից կտրվելու», - նշեց Մինասյանը:

Փաշինյանը երեկ անորոշ որակեց նաև ավելի քան 3 տասնամյակ առաջ ընդունված Անկախության հռչակագրի մեկ այլ դրույթ՝ պատմական արդարության վերականգնումը։

«Ո՞րն է պատմական արդարությունը։ Հայաստանի ամենատարբեր քաղաքական ուժեր, խմբեր պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ», - ասել է նա։

Դաշնակցական պատգամավորը բացատրում է՝ պատմական արդարությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, Օսմանյան Թուրքիայում ապրած հայերի ժառանգների իրավունքների վերականգնումն է, և որը ամենևին չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։

«Դա որևէ ձևով տարածքային պահանջ չի նշանակում, դա նշանակում է նախևառաջ ճանաչել փաստը, որ իմ պապական, իմ արմատներով եկած սերունդը գալիս է Հայկական լեռնաշխարհից, ես այստեղ բնական ապրելու իրավունք ունեմ», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Փաշինյանը խնդրահարույց համարեց նաև Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման 1989 թվականի որոշումը, կրկին պնդելով, որ այդ դրույթի պահպանումը կհանգեցնի պատերազմի. - «Ի՞նչ է նշանակում հղումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշմանը, որը հռչակագրի մեջ հիշատակվում է։ Մենք ի՞նչ ենք անում, մեր քաղաքականությունները հետագայում ևս կառուցո՞ւմ ենք դրա վրա, եթե՝ այո, ուրեմն դա նշանակում է, որ խաղաղությունը անհնար է»։

Ըստ Զուրաբյանի՝ Հայաստանի համար ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, որը Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահը հարցնում է՝ ո՞վ է վտանգներ տեսնում Անկախության հռչակագրում տեղ գտած Հայաստանի ժողովրդի իղձերի, պատմական արդարության վերականգնում արտահայտության տակ։

«Ո՞վ, Թուրքիան, Ադրբեջանը, եթե ինքը այդպես է համարում, դա նշանակում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել բավարարելու համար նրանց պահանջները, որոնք լեգիտիմ չեն», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Նույն կերպ Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում հռչակագրում տեղ գտած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման դրույթը, որ դեռ 1991-ին Խորհրդային միության սահմանադրական մարմնի կողմից անվավեր է ճանաչվել։ Սա, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ընդամենը Ալիևի քմահաճույքն է։

«Նիկոլ Փաշինյանը մերժելով շատ վատ ռուսական պլանը, որը նախատեսում էր Մեղրիում կոմունիկացիայի հաստատում ադրբեջանցիների համար ռուսական վերահսկողության ներքո, այդ պլանի մեջ խոսվում էր նրա մասին, որ պետք է պահպանվի Ղարաբաղը, և նրա կարգավիճակն, ըստ էության, պետք է առկախ մնար, հույսը դրեց, որ կիրականացվի արևմտյան շատ վատ պլանը, որովհետև այդ պլանով Ղարաբաղը պիտի ճանաչվեր Ադրբեջանի կազմում իր բոլոր հետևանքներով, որոնց մենք ականատես եղանք, դա էլ Փաշինյանը չստացավ, այսինքն ինքը հրաժարվես Ռուսաստանից, չստացավ արևմտյան պլանը, երկուսն էլ վատ են ինչ-որ իմաստով, բայց գոնե ինչ-որ պլան էին խաղաղության, Փաշինյանը կոտրած տաշտակի առաջ է հայտնվել և հայտնվել է մի վիճակում, երբ որ պետք է իրականացնի Ալիևի խաղաղության պլանը», - նշեց Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ այս իրավիճակում Փաշինյանին այլ բան չի մնում, քան իրականացնել Ալիևի բոլոր պահանջները, որոնք գնալով ավելանում ու սաստկանում են։ Իսկ Փաշինյանն, ըստ Զուրաբյանի, արդեն ասել է, որ ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ զիջումների դիմաց խաղաղություն կստանա Ալիևից։

«Շատ տարօրինակ փորձարարական խաղ է. մենք զիջում ենք սա, տեսնում ենք Ադրբեջանը խաղաղություն ստորագրեց, չէ, չի ստորագրում, էլի ցուլը տնկել է իր պոզերը, եկեք նոր մի բան զիջենք: Ես վստահ ասում եմ՝ վաղը Ադրբեջանը դնելու է ատոմակայանի փակման հարցը, մյուս օրը Զանգեզուրում ադրբեջանցիների վերադարձի հարցը», - ասաց նա:

ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար այսօր ստեղծվել է վտանգավոր մի իրավիճակ, որն ամբողջությամբ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է։ Վարչապետ Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ այս նախաձեռնություններով փորձում են Հայաստանը արտաքին միջավայրում ավելի դիմակայուն և ավելի պաշտպանված դարձնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG