Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտը թանկացնելու նախագիծ է ներկայացրել, այն ներառված է փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում: Եթե նախագիծն ընդունվի, սեպտեմբերի 1-ից քաղաքացիները 100 դրամի փոխարեն ավելի շատ կվճարեն, իսկ թե որքան կլինի ավելացումը, կախված կլինի ընտրությունից՝ ի՞նչ տարբերակ կընտրեն՝ մեկանգամյա՞, օրակա՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան:
«Նախատեսվում է, որ այն ուժի մեջ մտնի էս պահին 2024 թվականի սեպտեմբերից՝ այն ժամկետի համար ա նախատեսված, երբ մենք սպասում ենք մոտավորապես նոր 171 8 և 6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն, էս պահին ընթանում ա մրցույթը», - ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Եթե քաղաքացին մեկ շաբաթվա համար տոմս ձեռք բերի, կվճարի շուրջ 5 հազար դրամ՝ այս փաթեթով տրանսպորտից հնարավոր կլինի օգտվել 30 անգամ։ Որքան ժամկետը մեծ է, թանկացումն այնքան ավելի պակաս կլինի։ Մեկ ամսվա քարտը կարժենա 11 հազար դրամ, բայց անսահմանափակ չի լինի՝ տրանսպորտից հնարավոր կլինի օգտվել 60 անգամ։ «90 օր» տարբերակի համար քաղաքացին 25 հազար դրամ կվճարի՝ այս դեպքում էլ փաթեթը նախատեսված է 180 անգամ տրանսպորտից օգտվելու համար։ Տարեկան փաթեթն էլ 110 հազար դրամ կարժենա, բայց կրկին սահմանափակ թվով` 1000 անգամ տրանսպորտից օգտվելու համար. այս փաթեթով յուրաքանչյուր փոխադրման արժեքը 110 դրամ կկազմի։
Ի՞նչ սակագներ են այլ քաղաքներում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տարեկան տարբերակը հնարավոր է 64 հազար դրամին համարժեք կրոնով ձեռք բերել՝ գրեթե կրկնակի էժան, ի տարբերություն հայ պաշտոնյաների առաջարկի՝ Պրահայում այս փաթեթներն անսահմանափակ են, կարելի է գնել ու օգտվել որքան պետք է։
Թբիլիսիում տարեկանը 100 դոլարից էլ պակաս արժե և կրկին անսահմանափակ է։ 40 լարիով ՝ 6 հազար դրամով էլ հնարավոր է ամսականը ձեռք բերել։ Երևանում գրեթե երկու անգամ ավելի բարձր գին են առաջարկում։
Երևանի քաղաքապետարանը մի շարք այլ փաթեթներ ու սակագներ էլ է առաջարկում՝ ավելի կարճ ժամկետների համար։ Այս տարբերակների դեպքում թանկացումը է՛լ ավելի մեծ կլինի, օրինակ՝ 350 դրամանոց տարբերակ կլինի։
Հաշվարկե՞լ են , թե ինչ մեծ բեռ կլինի երևանցիների համար տարեկան փաթեթ գնելը՝ միանգամից 110 հազար դրամ վճարելը, «Ազատության» այս հարցին փոխքաղաքապետն արձագանքեց. - «Շատ բարի, բեռ ա՞՝ թող ամսեկան վերցնեն, թող եռամսյակային վերցնեն: Նորից եմ ասում՝ թանկ, էժան՝ դա գնահատողական կատեգորիաներ են, 100 դրամից ավելը արդեն թանկացում ա, բայց մենք էլի ենք ասում՝ պետք ա հասկանանք, որ մենք հանրություն ենք, մենք քաղաք ենք, և մենք վճարում ենք մեր տրանսպորտային համակարգի համար»:
Շրջանառվող նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, ընդդիմադիրները հիշեցնում են՝ նույն պաշտոնյաները տարիներ առաջ պայքարում էին տրանսպորտի ընդամենը 50 դրամ թանկացման դեմ, առաջարկվող փոփոխությունները շատ երևանցիների զայրույթն են հարուցել:
Հարցերին պատասխանելու համար փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասուլիս հրավիրեց: Հայտարարեց՝ թանկացնում են, որ կարողանան եղածը պահել. ուղևորափոխադրումների ինքնարժեքը ավելի քան 200 դրամ է. - «Հիմա էսօր էդ 200 դրամը էլի վճարվում ա, ուղղակի վճարվում ա բանով՝ 100 դրամ վճարում ա ուղևորը, 100 դրամ վճարում ա բյուջեն, որը ձևավորվում ա էլի քաղաքացու վճարումներից: Հիմա ես ուզում եմ, որ դուք հասկանաք՝ որ դուք ասում եք քաղաքացին ա վճարելու, ուզում եմ հասկանաք, որ էսօր էլ ա վճարում»:
Խոստանում են, որ զուգահեռ զեղչեր կկիրառվեն տարբեր սոցիալական խմբերի համար, օրինակ՝ թոշակառուների, ուսանողների, բայց մանրամասներ դեռ չկան։
Քաղաքապետարանը սակագների բարձրացումը կապում է տրանսպորտային բարեփոխումների հետ. նախագիծը ներկայացրել են այն հաշվարկով , որ մինչ սեպտեմբեր ևս 171 ավտոբուս են ձեռք բերելու։
Ինչո՞ւ է հիմա այս նախագիծը բերվել, Գրիգորյանն ասաց՝ այդ ժամանակ էլ կդժգոհեին՝ «ինչո՞ւ ավելի շուտ չեք ասել». - «Երբ որ ինչ-որ բան նախօրոք ես քննարկում, միշտ պարզվում ա, որ է՛լ ավելի նախօրոք պետք ա քննարկեիր, կամ, եթե շատ նախօրոք ես քննարկում, ուրեմն՝ ոչ բոլորի հետ ես քննարկել»:
Առաջարկվող թանկացումներից հետո էլ, պաշտոնյան չի խոստանում, որ աշնանը տրանսպորտի խնդիրն ամբողջությամբ լուծվելու է: «Եթե դուք նկատի ունեք՝ արդյոք էականորեն իրավիճակը բարելավվելու ա 171 նոր ավտոբուսների գալու դեպքում, քան համեմատ էսօրվա, այո, խոստանում եմ, որ էականորեն բարելավվելու է: Հիմա կարող ա սեպտեմբերի 1-ով չլինի ժամկետը, մի քիչ թեկուզ օբյեկտիվ պայմաններով ավտոբուսները ուշ հասնեն, որովհետև երբեմն եթե շուտ են հասնում, ուրեմն երբեմն ավելի ուշ էլ կարան հասնեն, էդ ժամանակ, ես վստահ եմ, էս որոշման ուժի մեջ մտնելն էլ կարծում եմ կերկարաձգվի: Այսինքն՝ էական բարելավում կլինի՞՝ այո, կլինի՞ իդեալական վիճակ՝ ոչ, ու չի լինի երբեք, որովհետև իդեալական վիճակ երբեք չի լինում», - հայտարարեց Սուրեն Գրիգորյանը:
Թեև նախագիծը միայն համայնքապատկան ավտոբուսներին է վերաբերում, բայց սակագները կգործեն նաև մետրոյի ու տրոլեյբուսների համար, մանրամասնեց պաշտոնյան։