Մատչելիության հղումներ

2024-ի հունվարին 30 նոր ավտոբուս կավելանա գործող շարժակազմին, ևս 200-ն էլ մինչև տարեվերջ


2024-ի հունվարին 30 նոր ավտոբուս կավելանա գործող շարժակազմին, ևս 200-ն էլ մինչև տարեվերջ, այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պնդելով, թե այդպիսով տրանսպորտային պարկը թարմացված կհամարեն:

Չնայած բերվող ավտոբուսներին՝ մարդիկ դեռ կանգառներում շարունակում են երկար սպասել. Ավինյանն ասում է՝ մարդիկ կանգառներում երկար են սպասում, որովհետև հատկապես կենտրոնում հարցը լուծված չէ: Հենց կենտրոնում տարեկան 12.000 դրամի փոխարեն կարմիր գծերի գումարը 160 հազարի հասցնելով, ըստ քաղաքապետի, կլուծեն բեռնաթափման հարցը։

Այստեղ էլ քաղաքացիներն ու ընդդիմադիրները Ավինյանին հորդորում են նախ ամբողջությամբ լուծել անխափան տրանսպորտի հարցը, կառուցել ավտոկայանատեղեր, կարմիր գծերի թանկացումն էլ որպես այդ փաթեթի վերջին գործիք կիրառել:

Ավինյանը համաձայն չէ հետաձգմանը. ասում է՝ ամիսների տարբերության մասին է խոսքը, փաթեթային փոփոխություն պետք է լինի. - «Խոսքը գնում է Երևան քաղաքի Փոքր կենտրոնի մասին: Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ անվերջանալի քանակի ավտոմեքենաները գրեթե անվճար պետք է գան ու Երևան քաղաքի Փոքր կենտրոնում կայանեն, այդ խցանումներն անվերջանալի տեղի ունենա՞ն: Ոչ, պետք է բեռնաթափել՝ Փոքր կենտրոնից սկսած, հետո մնացած բոլոր վարչական շրջանները»:

Գործող 660 ավտոբուսներում, ըստ Ավինյանի, արդեն տեղադրված են էլեկտորանային տոմսերի սարքերը: Մեկանգամյա տոմսերի փոխարեն կլինեն օրական, շաբաթական, ամսական ու տարեկան փաթեթներ, որոշ խմբեր նաև արտոնություններ կունենան: Առաջիկայում նաև QR կոդով տրվող տոմսերը թղթե տարբերակներով կլինեն: Քաղաքապետը պնդում էր, թե սրանից տրանսպորտը չի թանկանում։

«Երկարաժամկետ այդ տոմսային պրոդուկտները գնելու դեպքում, մարդը գրեթե տարբերություն չի տեսնելու օգտագործման առումով, այսինքն, այն մարդիկ, երբ որ հաճախակի են օգտվում, էական չի լինելու իրենց համար տարբերությունը», - ասաց Ավինյանը:

Վստահեցրեց՝ երբ խցանումների հարցը լուծվի, նոր ավտոբուսները երթուղի մտնեն, ավտոբուսների գծերն ավելացվեն, մարդիկ արդեն 2024-ի սեպտեմբերին ավելի ռեալ կտեսնեն ու կզգան այդ փոփոխությունները։

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Մարությանը մինչդեռ պնդում է՝ հարուստներն իրենց մեքենաները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, մյուսները կշարունակեն ժամերով կայանատեղեր փնտրել:

«Միանգամից ասեմ, որ այնպես չի, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացմանը, այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը: Տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է: Այո, մի քանի հարյուր ավտոբուս են բերել, դրանցից մեծ մասը մեր օրոք է բերվել», - նշեց Մարությանը:

«Գրեթե բոլոր զարգացող ու զարգացած քաղաքներում, ասենք, Թբիլիսիում 10 տարի առաջ է համանման որոշումը կայացվել, մենք շատ ենք ուշացել և իրականում, եթե մենք մի 5 տարի առաջվանից սկսեինք աշխատել այս ուղղությամբ, պոպուլիզմի հետևից չընկնեինք, միգուցե հիմա Երևանում ավտոմեքենաների այս վիճակը լիներ», - ընդգծեց Ավինյանը:

Շինթույլտվությունների մասին

Միայն այս տարի Երևանում կառուցապատվել է շուրջ 3,8 մլն քառակուսի մետր տարածք: Քաղաքաշինական այս բումին զուգահեռ նորակառույցների բնակիչները տարիներ շարունակ բողոքում են՝ տարբեր խնդիրների առաջ են կանգնում. թեև արդեն նոր բնակարաններում ապրում են, բայց շենքը շահագործման ակտ չունի, կամ շենքը պատրաստ է, տները նորոգել են, բայց ներս մտնել չեն կարողանում, որովհետև լույս, գազ ու ջուր չունեն:

Ավինյանն ասաց՝ այս խնդիրները կլուծվեն ավագանու վերջին նիստում հաստատված մի նախագծից հետո, որով շինթույլտվությունների երկարաձգումների համար, օրինակ, կառուցապատողները կտուգանվեն նվազագույնը 25 միլիոն դրամ ու այդպես շարունակ:

«Իրենք շահագրգռված են լինում բոլոր նորմերին համաձայն իրականացնել կառուցապատումները, իրենք շահագրգռված են լինում իրենց տրված ժամկետներում ավարտել կառուցապատումը, և մենք էլ պարտավորվել ենք՝ նոր մեր կառուցվածքով ինքներս ուշացումներ չունենալ իրենց նկատմամբ», - ասաց քաղաքապետը:

Ավինյանն ընդունեց, որ քաղաքապետարանը նույնպես ձգձգում է փաստաթղթային պատասխանները, բայց խոստանում են ավելի արագ գործել: Ընդգծեց՝ եթե այս տարի Երևանի քաղաքային բյուջեն միայն սեփական եկամուտների հաշվին ավելի քան 38 միլիարդ դրամ էր, ապա 2024-ին այն կանցնի 61 միլիարդը:

XS
SM
MD
LG